Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Շատացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ

«Շատացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը»․ ԱԱԾ տնօրենի տեղակալ
Հայաստան
19:23, 07 май 2021
Ազգային անվտանգության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը ԱԺ-ում ներկայացնելով «Պետական սահմանի մասին» օրենքում լրացում կատարելու և վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ-ի օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը, ասաց, որ դրանց ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող անօդչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու, սահմանային շերտ մուտք գործած կամ այնտեղ գտնվելու, բնակվելու, գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, ինչպես նաև նշված իրավախախտման համար սահմանված վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ։ 

Ըստ Մելքոնյանի՝ ներկայումս սահմանային շերտ մուտք գործած անձանց վրա տարածվող սահմանափակումները ամրագրված են պետական սահմանի մասին օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասով, դեռևս 2020 թ․-ի փետրվարին ՀՀ-ի արտաքին գործերի նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ-ի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող նկարահանումները կարող են խիստ բացասական անդրադառնալ ՀՀ-ի պետական սահմանի պահպանության վրա։ 

«Մասնավորապես, նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ-ի պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը, բացի այդ, շատացել են անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող մաքսանենգության դեպքերը»․ նշեց Մելքոնյանը։

Նախագծով առաջարկվում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ-ի օրենսգրքի 200-րդ հոդվածը խմբագրել և սահմանամերձ գոտի բառը փոխարինել սահմանային շերտով։ Ինչպես նաև իրախախտումը կատարած անձանց նկատմամբ սահմանված տուգանքի չափը սահմանել նվազագույն աշխատավարձի երեսունապատիկի փոխարեն սահմանել հարյուրապատիկի չափով։

«Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի այն հարցին, թե 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստան են ժամանել բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ Արցախ ուղևորվելու նպատակով, և այդ ճանապարհին հատկապես Գորիսում կատարել են լուսա և տեսանկարահանումներ, որոնք հետագայում մեր հակառակորդի կողմից օգտագործվել են մեր դեմ, ինչո՞ւ համապատասխան նախազգուշական քայլեր և մեթոդներ չկիրառվեցին հենց պատերազմական օրերին, Մելքոնյանը պատասխանեց․ «Այս նախագիծը քննարկվել է դեռևս ամռանը։ Քայլեր ձեռնարկվել են, բայց այդ ամենը պետք է ընդունենք, որ բավարար չէին»։