Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ սահմանի ողջ երկայնքով կարգելվեն անօդաչու թռչող սարքերի կիրառումն ու տեսանկարահանումները․ քննարկում ԱԺ-ում

ՀՀ սահմանի ողջ երկայնքով կարգելվեն անօդաչու թռչող սարքերի կիրառումն ու տեսանկարահանումները․ քննարկում ԱԺ-ում
Հայաստան
14:27, 29 апрель 2021
Այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգում  քննարկվում է «Պետական սահմանի» և «Վարչական իրավախախտումների» մասին օրենքներում լրացումներ կատարելու նախագծերը։ Հեղինակը ՀՀ կառավարությունն է։ Նախագիծը ներկայացնում է գեներալ-լեյտենանտ Ստեփան Մելքոնյանը, ներկա էր նաև սահմանապահ զորքերի հրամանատարը։

Ստեփան Մելքոնյանը նշեց, որ նախագծերի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող անօդաչու թռչող սարքերի օգտագործման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելուն, ինչպես նաև սահմանային շերտ մուտք գործելու, կամ այնտեղ գտնվելու, բնակվելու կամ գրանցվելու կանոնները խախտած անձանց նկատմամբ վարչական ներգործության միջոցներ կիրառելու հիմքերը հստակեցնելու, և վարչական պատասխանատվության չափը վերանայելու անհրաժեշտությամբ։  

«2020թ․ փետրվարին ՀՀ ԱԳՆ-ում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ-ում տեղակայված ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության ներկայացուցիչների կողմից բարձրաձայնվել էր, որ սահամանամերձ բնակավայրերի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող և անօդաչու թռչող սարքերի միջոցով կատարվող լուսանկարահանումները կարող են խիստ բացասական անդրադառնալ ՀՀ պետական սահմանի պահպանության վրա։ Մասնավորապես նկարահանումների արդյունքում կարող են բացահայտվել ՀՀ պետական սահմանի պահպանության հնարավոր խոցելի տեղերը»,-հավելեց  գեներալ-լեյտենանտը։

Նախագծով առաջարկվում է սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելել՝ առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղկայված ինժեներական կառույցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքերը, տրանսպորտային միջոցները։ 

Ստեփան Մելքոնյանի խոսքով նման կարգավորուրմներ ընդունված են նաև ԱՊՀ մի շարք երկրներում՝ օրինակ ՌԴ-ում, Բելառուսում։ 

Նա շեշտեց, որ վերոնշյալ վարչական իրավախախտումների համար առաջարկում են ներկայումս սահմանված նվազագույն աշխատավարձի երեսունապատիկը բարձրացնել՝ սահմանելով հարյուրապատիկի չափով տուգանք։ 

«Այս օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրվել նախքան պատերազմը՝ 2020թ․ ամռանը։ Այս օրենքը կգործի ՀՀ ամբողջ պետական սահմանի համար, իսկ Սյունիքի մարզի նոր ձևավորվող պետական սահմանի 520 կմ հատվածի նկատմամբ կկիրառվի այն ժամանակ, երբ հստակ կսհամանվի սահմանային շերտը և այնտեղ կտեղադրվեն պետական սահմանի սահմանանշաններ և սահմանային շերտ մուտք գործելու համար նախազգուշացնող նշաններ»։