Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննիչ հանձնաժողովում հույս ունեմ՝ հրապարակային կասեմ, թե որն է եղել հոկտեմբերի 19-ին որևէ թուղթ չստորագրելու պատճառը. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ ապրիլի 18-ին, Ազգային ժողովում վարչապետը ներկայացնում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022թ. կատարման ընթացքն ու արդյունքները:

«Ես ձեզ միանշանակ ասում եմ՝ մինչև այս քննիչ հանձնաժողովում մեր ունեցած նիստերն ու լսումները եթե հրապարակվեն, քաղաքական աղմուկի 70-80 տոկոսն ուղղակի կնվազի, կեղծ պնդումները տրամաբանության օրենքով կլռեն»,- ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ցանկացավ իմանալ, թե արդյոք հնարավո՞ր է վերանայել գաղտնիության ռեժիմը: «Ինչքան շուտ դա անենք, այնքան շուտ կգնանք քաղաքական առողջացման»,- հավելեց պատգամավորը:

Վարչապետը սկզբունքորեն համաձայնեց պատգամավորի հետ. «Բայց, ասենք, ես քննիչ հանձնաժողովում խոսեցի, և հույժ գաղտնի կնիքով կնքեցինք ու տարանք դրինք սեյֆում: Ընդդիմությունը բոյկոտելու է, և մարդիկ ասելու են՝ տարան ծածկադմփոցի արեցին: Բայց իհարկե ռիսկերն էլ եմ հասկանում»:
 
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այն քննադատությունը, որ հոկտեմբերի 19-ին Շուշին հայկական լինելու պարագայում վարչապետը հնարավորություն ուներ ստորագրելու և այլն, ու ասաց. «Ես այն ժամանակ ճշգրիտ նկարագրել եմ դեկտեմբերից Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը: Բայց դա չի եղել միակ պատճառը այդ թուղթը չստորագրելու, ես քննիչ հանձնաժողովում կասեմ, թե որն է նաև եղել դրա պատճառը, և ես հույս ունեմ, որ կգանք այն եզրակացության, որ դա պետք է հրապարակային ասեմ»:

Մանրամասն՝ տեսանյութում