Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում՝ Դուբայի օդային տարածք FLYONE ընկերության օդանավի մուտքն արգելելու պատճառով․ 6 ժամ ինքնաթիռում սպասելուց հետո են միայն ուղևորները կարողացել թռչել Դուբայ

Երևան-Դուբայ չվերթի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում՝ Դուբայի օդային տարածք FLYONE ընկերության օդանավի մուտքն արգելելու պատճառով․ 6 ժամ ինքնաթիռում սպասելուց հետո են միայն ուղևորները կարողացել թռչել Դուբայ
Հայաստան
12:49, 08 май 2023
«FlyOne Armenia» ընկերության՝ Երևան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռը երեկ՝ մայիսի 7-ին, վայրէջք է կատարել Իրանում՝ Շիրազի օդանավակայանում։

Այս մասին ֆեյսբուքյան խմբերից մեկում տեղեկություն էր տարածել չվերթից օգտված քաղաքացիներից մեկը։ Ուղևորները ստիպված են եղել 6 ժամ անցկացնել ինքնաթիռում։

«FlyOne Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը Civic.am-ին հայտնեց, որ դեռևս լրացուցիչ պարզաբանման կարիք ունեցող հիմնավորմամբ՝ Դուբայի օդային երթևեկության կարգավարները թույլ չեն տվել ավիաընկերության օդանավին մուտք գործել Դուբայի օդային տարածք։ Օդանավի հրամանատարը որոշում է ընդունել վայրէջք կատարել Շիրազի օդանավակայանում՝ մինչև խնդրի պարզաբանումը։ 

«Կանգառի ժամանակ FLYONE ARMENIA ընկերության օդանավի անձնակազմը ուղևորներին ապահովել է սննդով և արել հնարավորը՝ ապահովելու ուղևորների կապը հարազատների հետ։ Մենք շնորհակալ ենք մեր ուղևորներին համբերատարության ու օդանավի անձնակազմի հետ դրական համագործակցության համար։

Քանի որ FLYONE ARMENIA ավիաընկերությունը դեռևս չի իրականացնում չվերթներ դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն, և պայմանավորված ոչ աշխատանքային օրով, չվերթի շարունակության փաստաթղթային աշխատանքները պահանջել են փոքր-ինչ երկար ժամանակ։ Բոլոր թույլտվությունները թարմացնելուց ու ստանալուց հետո օդանավը շարունակել է թռիչքը և վայրէջք է կատարել Դուբայի օդանավակայանում»,- նշեց Արամ Անանյանը։