Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՇՄ նախարարությանը 2022 թվականին ծրագրերի իրականացման համար հատկացվել է 8,5 միլիարդ դրամ, որից փաստացի իրականացվել է 7,2 միլիարդ դրամը․ Ֆինանսների նախարար

Այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են բյուջետային քննարկումները։  

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով շրջակա միջավայրի նախարարության 2022 թվականի բյուջեի կատարողականը, ասաց, որ ՇՄ նախարարությունն իրականացնում է վեց ծրագիր, փաստացի 2022 թվականին իրականացվել է 35 միջոցառում։

«2022 թվականի տարեկան պլանով նախատեսված է եղել 6,7 միլիարդ դրամ բյուջե, այնուհետև պլանը վերանայվել է, և տարեկան ճշտված պլանով հատկացվել է 8,5 միլիարդ դրամ, որից փաստացի իրականացվել է 7,2 միլիարդ դրամը՝ կազմելով ճշտված պլանի նկատմամբ 85 տոկոս կատարողական, իսկ 2021 թվականի համեմատությամբ մեկ տոկոսով կամ 67 միլիոն դրամով ավելի գումար է ծախսվել ՇՄ նախարարության կողմից։

Ներկայացնելով մարզպետարաններին տրամադրված գումարները ամփոփ ցուցանիշներով՝ նախարարն ասաց, որ ունեն 10 ծրագիր և 22 միջոցառում, տարեկան պլանով մարզպետարաններին բոլորին հատկացվել էր 5,3 միլիարդ դրամ, փաստացի իրականացվել է դրանից մի փոքր պակաս գումար՝ 5 միլիարդ 287 միլիոն դրամի կարգի, և կատարողականը կազմում է 98,5 տոկոս։

Ներկայացնելով նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային ոլորտի ցուցանիշները՝ նախարարն ասաց, որ իրականացվել են հինգ ծրագիր և 32 միջոցառում, թեև ճշտված ծրագրով նախատեսված էր 34 միջոցառում, տարեկան պլանը կազմել է 43,6 միլիարդ դրամ, այնուհետև պլանը նվազեցվել է, տարեկան ճշտված պլանը կազմել է 30 միլիարդ 850 միլիոն դրամ, որից իրականացվել է փաստացի 28 միլիարդ 739 միլիոն դրամ, կատարողականը՝ 93,2 տոկոս։ Այստեղ նախարարի խոսքով՝ 2021 թվականի համեմատությամբ 2022 թվականին 2,8 տոկոսով ավելի գումար է ծախսվել:

Ինչ վերաբերում է համայնքներին տրված միջոցների վերաբերյալ տեղեկատվությանը, նախարարն ասաց. «Տարեկան պլանով համայնքներին նախատեսվում էր հատկացնել 122,6 միլիարդ դրամ, ճշտված պլանով հատկացվել է 120 միլիարդ դրամ, և փաստացի իրականացվել է մոտավորապես 118 միլիարդ դրամ։ Սա 2,1 տոկոսով ավելի է, քան 2021 թվականին: Այստեղ հարկ կա առանձնացնելու, թե ինչից են բաղկացած այս գումարները։ Նախ ասեմ, որ համայնքների ընթացիկ սուբվենցիաների համար ծախսվել է 7 միլիարդ 459 միլիոն դրամ, պետական բյուջեից համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները կազմել են 64 միլիարդ 298 միլիոն դրամ։ 

Օրենքների կիրարկման արդյունքում համայնքների բյուջեների կորուստների փոխհատուցման համար բյուջեներին վճարվել է 50 միլիոն դրամ, այլ ընթացիկ դրամաշնորհներ համայնքներին՝ 45 միլիոն դրամ, կապիտալ սուբվենցիաներ համայնքներին՝ 19,5 միլիարդ դրամ, որը 5,6 միլիարդ դրամով ավելի է, քան 21 թվականին, և պետության կողմից ՏԻՄ-երին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար տրամադրվել է 26 միլիարդ 517 միլիոն դրամ, որից Երևան քաղաքին՝ 26 միլիարդ 395 միլիոն դրամ»,- եզրափակեց նախարարը։
 
Մանրամասները՝ տեսանյութում