Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կործանիչների առումով հարաբերակցությունը Ադրբեջանի հետ ՀՀ-ի կողմից եղել է զրո, այսինքն՝ մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել. Տոնոյան

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի կողմից ձևավորված 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ վիճակում է ընդունել ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերը, և որքանո՞վ էր բանակը պատրաստ պատերազմի, ասաց, որ հաշվի առնելով հանգամանքը, որ նա բավական երկար ժամանակ պաշտոնավարել է նաև որպես պաշտպանության նախարարի տեղակալ, կարող է ասել, որ իրեն վերաբերելի մասով Զինված ուժերի վիճակը գնահատվել է բավարար։ 

«Զինված ուժերը պատրաստ էին իրենից 2-3 անգամ ավելի ուժի դիմակայելու՝ հաշվի առնելով պատրաստությունը, աշխարհագրությունը և այն բնագծերը, որտեղ մեր զինված ուժերը գտնվում էին։ Դա իմ գնահատականը չէ, դա փաստարկված տեղեկատվություն է։ Ես ինչո՞ւ եմ ասում՝ 2-3 անգամ, այսինքն՝ պաշտպանական մարտ վարելու առումով Զինված ուժերի պատրաստվածությունը բավարար էր։ Եթե հարց կառաջանար զորահավաքային ռեսուրսների ներգրավման առումով՝ դա այլ հարց է»,- նշեց Տոնոյանը։

Հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերակցությունը, առնվազն ռազմատեխնիկական հագեցվածության առումով, մեկը երկուսի է եղել կամ մեկը երեքի, քանի որ բաց աղբյուրներում եղած տվյալների համաձայն, օրինակ՝ «Սմերչ» միջոցների հարաբերակցությամբ 6-ը 20 հարաբերակցություն է եղել։  «Պարոն Ալեքսանյան, ես պատասխանեցի ըստ պատրաստականության աստիճանի, չեմ ասում՝ ինչ է եղել իրական վիճակը։ Անդրադառնամ ՍՈՒ 30-ներին, որոնք բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ են. կործանիչների առումով հարաբերակցությունը ՀՀ-ի կողմից եղել է զրո։ Այսինքն՝ մենք կործանիչ հակաօդային պաշտպանության ավիացիա ընդհանրապես չենք ունեցել»,- ասաց Դավիթ Տոնոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում