Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Wildberries-ը այս տարվանից ԱԱՀ է վճարում․ ՊԵԿ-ը հետևել է, որ որևէ առավելություն չունենա այդ ընկերությունը․ Ռուստամ Բադասյան

Wildberries-ը այս տարվանից ԱԱՀ է վճարում․ ՊԵԿ-ը հետևել է, որ որևէ առավելություն չունենա այդ ընկերությունը․ Ռուստամ Բադասյան
Հայաստան
16:16, 07 сентябрь 2023
Wildberries-ը մինչ այս տարի ԱԱՀ չէր վճարում, բայց այս տարի օրենսդրական նախաձեռնություն եղավ, և ընկերությունը ԱԱՀ է վճարում։ Ավելին՝ ՊԵԿ-ը հետևել է, որ որևէ առավելություն չունենա այդ ընկերությունը, և տարվա սկզբից վերլուծական աշխատանքներ ենք տարել և 3,2 մլրդի վերականգնում ենք ունեցել վերջերս։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ 

Անդրադառնալով տնտեսվարողների մտահոգությանը, որ բարձր է մաքսազերծման գինը, Բադասյանը նշեց, որ մաքսազերծման գինը ձևավորվում է մաքսազերծողի կողմից ներկայացված փաստաթղթերի հիմքով․ «Խոշոր բիզնեսի տերն ասում է՝ փոքրն օգտվելով ձեր սահմանած արտոնությունից՝ ներմուծում է որոշակի կիլոգրամի ապրանքներ, չի ձևակերպում և վնասում է մեր բիզնեսին։ ՓՄՁ-ն ասում է՝ դուք ինձ, որ խոշոր բիզնեսի հետ հավասար եք նայում՝ իմ մրցակցությունն է տուժում։ Բայց հավասար նայելու գործառույթը մենք չենք որոշում՝ դա ԵԱՏՄ և ՀՀ օրենսդրությամբ է սահմանված։ Այսինքն, թե խոշոր բիզնեսի, թե միջին բիզնեսի դեպքում միևնույն ձևով է մաքսազերծումը կատարվում։»։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան որոշ տնտեսվարողներ բողոքի ակցիա են իրականացրել կառավարության շենքի դիմաց՝ ընդդեմ Wildberries ընկերության գործունեության։ Տնտեսվարողների խոսքով Wildberries-ի ցածր գների պատճառով իրենց գործունեությունը տուժում է՝ ապրանքները չեն վաճառվում, նրանք ընդգծում էին նաև ապրանքների մաքսազերծման համար սահմանված բարձր գինը։