Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Wildberries-ը՝ ռուսական տարբերակով ավելի էժան գնով ապրանքներ պատվիրելու հնարավորության մասին

Wildberries-ը՝ ռուսական տարբերակով ավելի էժան գնով ապրանքներ պատվիրելու հնարավորության մասին
Հասարակություն
17:36, 06 сентябрь 2023
Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների կատալոգի մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։

Այս մասին Iravaban.net-ին հայտնում են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

«Սխալը շտկվել է կայքում և ամենատարածված բջջային օպերացիոն համակարգերում: Աշխատանքները վերջնականապես կավարտվեն մոտ ապագայում։

Ընկերության համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, և մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել տեղական համայնքների ցանկությունները և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան:

Wildberries-ը շարունակում է իր հարթակը տրամադրել հայկական արտադրության ապրանքների վաճառքի համար»,-նշվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 5-ին տնտեսվարողները կառավարության առաջ բողոքի ակցիա են իրականացրել։ Նրանք պահանջել են Պետական եկամուտների կոմիտեից արգելել ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ի պատասխան այս բողոքի՝ ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին, որպեսզի վերահսկողություն սահմանեն և արգելափակեն «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։