Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն օրենսդրութամբ սահմանված՝ միևնույն թափանցիկ հարկային դաշտում․ ՊԵԿ-ը՝ հագուստի մաքսազերծման թանկացման մասին

Բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն օրենսդրութամբ սահմանված՝ միևնույն թափանցիկ հարկային դաշտում․ ՊԵԿ-ը՝ հագուստի մաքսազերծման թանկացման մասին
Տնտեսություն
15:33, 03 май 2023
Կառավարության առաջ երեկ բողոքի ակցիա էին անում առևտրով զբաղվող քաղաքացիները։ Նրանք պնդում էին՝ հագուստի մաքսազերծումը շուրջ 70 տոկոսով կտրուկ թանկացել է։ Մասնավորապես, ըստ նրանց, հագուստի 1 կգ-ի մաքսազերծման միջինացված գինը 10 օր առաջ եղել է 5-6 ԱՄՆ դոլար, հիմա 11-13 է։ Որոշ զգեստների դեպքում դարձել է 20 դոլար։ 

Այս առթիվ Civic.am-ը պարզաբանում խնդրեց ՊԵԿ-ից։ 

«Մանր ու միջին առևտրով զբաղվողների կողմից բարձրացված խնդրի վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մանր ու միջին առևտրով զբաղվողների կողմից ՀՀ տարածքում տարբեր տոնավաճառներում մանրածախ վաճառքի համար նախատեսված՝ Թուրքիայից, Չինաստանից և ԱՄԷ-ից ներմուծվող ապրանքների մաքսային ձևակերպումները, ելնելով սոցիալական խնդիրներից, ինչպես նաև ապրանքների ձեռք բերման փաստաթղթերի ներկայացման բարդությունից, տարիներ շարունակ կատարվել են առավելագույն պարզեցված ընթացակարգերով։ Սակայն, օրինական դաշտում աշխատող և համանման ապրանքներ (հագուստեղեն, գործվածքեղեն, կոշկեղեն, անկողնային սպիտակեղեն) ներմուծող բազմաթիվ տնտեսվարողների կողմից պարբերաբար բարձրաձայնվել են նույն երկրներից նույնանման ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրման տարբերակված մոտեցման արդարացի չլինելու հանգամանքը, քանի որ վերջիններս թափանցիկ են աշխատում հարկային դաշտում, վճարելով օրենսդրությամբ սահմանված բոլոր հարկերը և տուրքերը, ինչն էլ իր հերթին անհավասար պայմաններ է ստեղծում ներքին շուկայում տվյալ ապրանքների իրացման փուլում»,-պարզաբանել են ՊԵԿ-ից՝ շարունակելով․ «Հաշվի առնելով վերոգրյալը՝ ՊԵԿ-ը կազմակերպել էր բազմաթիվ հանդիպումներ տվյալ ոլորտում ներգրավված քաղաքացիների և տնտեսական գործունեությամբ զբաղված անձանց՝ փոխադրողների ու ներմուծողների հետ՝ ներկայացնելով խնդիրները։ Արդյունքում, փոխհամաձայնությամբ սահմանվել էր վերջնաժամկետ՝ 2020 թվականի սեպտեմբերը՝ տվյալ ապրանքների հայտարարագրման ընդհանուր ձևաչափին անցնելու համար։ Ըստ ձևաչափի, անհրաժեշտ է ընդամենն ապրանքների մաքսային արժեքների որոշումն իրականացնել ԵԱՏՄ օրենսդրության դրույթներին համապատասխան՝ սահմանված ընթացակարգով։ Սակայն, գործընթացի լիարժեք իրականացումը հետաձգվել է տարբեր պատճառներով (COVID 19, պատերազմ, սոցիալական խնդիրներ և այլն)»։ 

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ 2023 թվականի սկզբից բոլոր շահառու անձանց զգուշացվել է այդ գործընթացի երկարաձգման անընդունելիության մասին, քանի որ տվյալ իրավիճակը բազմաթիվ խնդիրներ և անհավասար պայմաններ է ստեղծում օրինական դաշտում գործունեություն ծավալող այլ տնտեսվարողների համար։

Միաժամանակ, Կոմիտեն տեղեկացնում է,  որ գործընթացն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու տարբերակն այլընտրանք չունի, և բոլոր տնտեսվարողները պետք է աշխատեն օրենսդրութամբ սահմանված՝ միևնույն թափանցիկ հարկային դաշտում։