Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք չէինք գնացել բանակցելու, որ Հայաստան ՆԱՏՕ-ի զորք բերեինք. Արարատ Միրզոյան

Ապրիլի 5-ի քննարկումների ընթացքում ռազմական բաղադրիչ չի եղել։ Բայց Հայաստանի դիմակայունության բարձրացումը, ըստ էության, դառնում է նաև անվտանգային դիմակայունություն։ Խոսելով Ապրիլի 5-ի՝ Բրյուսելի հանդիպման մասին Հանրայինի եթերում ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա նաև հիշեցրեց վարչապետի հայտարարությունը, որ ՀՀ-ն պատրաստ է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի հետ այնքան, որքան դա հնարավոր կհամարի ԵՄ-ն։

Անդրադառնոլով հանդիպումից առաջ եղած քննարկումներին Արարատ Միրզոյանն ասաց, որ ապրիլի 5-ի շուրջ որոշ նարատիվներ էին Հայաստանում, ինչպես նաև՝ Ռուսաստանում և Ադրբեջանում որոշ շրջանակների կողմից սինխրոն կերպով զարգացվում։
«Կարող եմ ասել, որ այն բառամթերքն ու ձևը, որը գեներացվում էր այդ շրջանակների կողմից որոշ դեպքերում ծիծաղելի էր։ Մենք չէինք գնացել բանակցելու, որ Հայաստան ՆԱՏՕ-ի զորք բերեինք, որը հիմա չստացվեց։ Այստեղ կարող եմ ենթադրել, որ նաև այդ շրջանակներին ի սկզբանե հայտնի էր, որ այդպիսի բան չի բանակցվելու, բայց միտումնավոր կերպով տարածվում էր, որ որոշներն ասեին՝ մեր ջանքերի շնորհիվ դա չեղավ, մյունսերը ասեին՝ այս իշխանությունները չկարողացան դա անել, կամ թե՝ տեղեք սա էլ ձեր ԵՄ-ն կամ ԱՄՆ-ն և այլն»։

Արարատ Միրոզոյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ այս հանդիպումը Հայաստանի, Միացյալ Նահանգների և Եվրոպական միության հարաբերությունների մասին է՝ այդ հարաբերությունների սերտացման մասին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին է, նրա տնտեսական հնարավորությունները բարձրացնելու մասին է՝ և ոչ երրորդ երկրի դեմ։ 

Անդրադառնալով Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ Միզոյանն ասաց, որ առաջին դեպքը չէ, երբ Լավրովը՝ վկայակոչելով Պրահայի հայտարարությունը փորձում է մեղադրանքներ ներկայացնել Հայաստանին և հիշեցրեց դեպքերի հաջորդականությունը, երբ Ադրբեջանը նախ մերժում է ռուսական կողմի առաջարկները՝ ապա հարձակվում ՀՀ սուվերեն տարածքի վրա։ Հարձակումից հետո Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին՝ աջակցության խնդրանքով, որին ի պատասխան ստանում է պատասխան, թե ՀԱՊԿ-ը չգիտի, թե որն է Հայաստանի սահմանն ու հետևաբար չեն կարող ասել՝ Հայաստանի վրա հարձակում եղե՞լ է, թե՞ ոչ։ Դրանից հետո միայն եղել է Պրահայի հայտարարությունը, որի արդյունքում կողմերը վերահաստատեցին միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա։