Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հադրութում և Քարինտակում մզկիթներ են կառուցվում․ Ադրբեջանը պայքարում է գրավյալ տարածքների հայկականության դեմ. armradio.am

Հադրութում և Քարինտակում մզկիթներ են կառուցվում․ Ադրբեջանը պայքարում է գրավյալ տարածքների հայկականության դեմ. armradio.am
Միջազգային
17:36, 17 ноябрь 2021
2020 թվականի հոկտեմբերի 9-ից Հադրութը Ադրբեջանի վերահսկողության տակ է։  Նոյեմբերի 7-ին կորցրինք Քարինտակը։ Մեկ տարի անց, դարձյալ հոկտեմբերի 9-ին և նոյեմբերի 7-ին, Ադրբեջանը Հադրութում ու Քարինտակում մզկիթների հիմնարկեք է արել։

«Ռադիոլուր»-ի զրուցակիցը Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանն է։ Նրա խոսքով՝ Արցախի զգալի մասի օկուպացիայից հետո Ադրբեջանի նախագահ Ալիևը պարբերաբար այցելում է հայկական տարածքներ, ելույթներ ունենում, ու դրանցում, կարմիր գծի նման, անցնում է թեզը, թե հայերն Արցախում եկվոր են,  հայկական մշակութային ժառանգությունը, իրականում, ալբանաուդիական է, և հայերը հայկականացրել են տարածաշրջանի քրիստոնեական հուշարձանները։ Հիմա էլ հակահայկական քարոզչության նոր մեխանիզմ է գործում․մզկիթներ են կառուցում՝ զուգահեռաբար ավերելով հայկական եկեղեցիները․

«Սա նոր քաղաքականություն է, բայց որքան էլ փորձեն մզկիթներ կառուցել օկուպացված շրջաններում, չեն կարող ջնջել հայկական հետքը։ Մեր տեղեկություններով՝ հիմա էլ պատրաստվում են Սակուրիում մզկիթ կառուցել, բայց այնտեղ 2-րդ ու 3-րդ դարերին թվագրվող հայկական եկեղեցիներ կան, այդ տարածքները բացառիկ հայկական են»,-ասում է Լուսինե Ղարախանյանը։

Ալիևն այցելել է նաև Քարինտակ և Հադրութ՝ ազդարարելով երկու նոր մզկիթների շինարարության սկիզբը։ Այցին արձագանքել է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org  կայքը․

«Մշակութային եղեռնը միայն բնաջնջելը չէ, այն նաև իրական պատմությունն ու կրոնաավանդույթը կեղծելն է, փաստերն անտեսելը, հիշողությունը խաթարելը, կեղծ մշակութային կամ կրոնական օրակարգեր ստեղծելը։  Ադրբեջանի կողմից հայկական քաղաքներում մզկիթների կառուցումը խախտում է հայ քրիստոնյա համայնքի կրոնական և մշակութային իրավունքը, վիրավորում նրա դավանական զգացմունքը, ժխտում քաղաքի պատմականությունն ու սերունդներին իր իսկության ավանդույթով փոխանցվելու հնարավորությունը»։

Պատերազմից հետո առաջին մզկիթի հիմնարկեքը Շուշիում էր, 2021 թվականի մայիսի 12-ին: Ըստ ադրբեջանական կողմի հայտարարությունների՝ այդ մզկիթը ունենալու է սիմվոլիկ բնույթ՝ արտացոլելով իրենց ձևակերպմամբ՝ Շուշիի «ազատագրումը հայկական օկուպացիայից»: Մզկիթների կառուցումը թշնամին  բացատրում է ադրբեջանցի վերաբնակիչների հոգևոր կարիքների բավարարման, իբր հայերի ավերած մշակութային ժառանգության վերականգնման, նոր մշակութային ժառանգության ստեղծմամբ և նման այլ գաղափարներով: Արցախի մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ այս հարցերով շարունակելու են դիմել Մարդու իրավունքների հանձնակատարին, միջազգային կառույցներին՝ հույսով, որ նրանք քայլեր կձեռնարկեն Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը գոնե հոգևոր–մշակութային դաշտում կանգնեցնելու ուղղությամբ։