Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար»

«Արցախահայությունը երբեք չի հաշտվի Շուշիի կորստի հետ։ Կարվի առավելագույնը Արցախի գրավյալ տարածքների դեօկուպացիայի և պատմական արդարության վերականգնման համար»
Հայաստան
11:27, 22 март 2021
Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը Շուշիի հայ բնակչության ջարդերի տարելիցի կապակցությամբ 101 տարի առաջ այս օրը Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, թուրքական կանոնավոր բանակի և բազմաթիվ զինված ավազակախմբերի հետ համագործակցությամբ, կազմակերպեցին Շուշիի հայ ազգաբնակչության կոտորածը՝ գրեթե հիմնովին ավերելով Արցախի պատմական մայրաքաղաքը: Շուշիի ցեղասպանությունը արհեստականորեն ստեղծված «Ադրբեջան» կոչվող պետության՝ Արցախի նկատմամբ զավթողական քաղաքականության առաջին դրսևորումն էր: Այդ հրեշավոր հանցագործության արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին, տասնյակ հազարավորներ ստիպված եղան լքել քաղաքը, ոչնչացվեց հայկական մշակութային ժառանգությունը, թալանվեց մարդկանց ունեցվածքը, պղծվեցին սրբավայրերը: Այս ողբերգական իրադարձությունն ազդակն էր այն քաղաքականության, որն Ադրբեջանը պետք է որդեգրեր հետագա տասնամյակների համար: Նման մարդատյաց գործողությունների շարունակությունը դարձավ 1988 թվականից ի վեր հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող հայատյաց քաղաքականությունը, որն ուղեկցվում էր ճնշումներով, էթնիկ զտումներով և կոտորածներով: Այն հանգամանքը, որ Բաքվի և Անկարայի ցեղասպան քաղաքականությունն այդպես էլ չարժանացավ միջազգային հանրության համարժեք գնահատականին, իսկ ոճրագործները մնացին անպատիժ, պատճառ դարձավ, որ Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ, 2020 թ. սեպտեմբերի 27-ին նոր ագրեսիա սանձազերծի Արցախի դեմ՝ դավադրաբար տիրանալով հայոց բերդաքաղաք Շուշիին։