Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսում ելույթի ավարտին Նենսի Փելոսիին է հանձնել Ուկրաինայի դրոշը՝ ուկրաինացի զինվորների ինքնագրերով

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ Կոնգրեսում ունեցած իր ելույթում շնորհակալություն է հայտնել ամերիկացիներին ռուսական ագրեսիան հետ մղելու գործում իրենց երկրին ցուցաբերած հսկայական օգնության համար և հայտարարել, որ հաջորդ տարի կսկսվի «շրջադարձային պահ» պատերազմում։

«Չնայած բոլոր դժվարություններին և մռայլ սցենարներին՝ Ուկրաինան չի ընկել: Ուկրաինան ողջ է և անվնաս»,- հայտարարել է նա և ընդգծել, որ իր երկիրը «շարունակում է պայքարել անկախության և ազատության համար»։ «Մենք հաղթեցինք Ռուսաստանին ամբողջ աշխարհի մտքի համար պայքարում»,- հայտարարել է Զելենսկին: 

Նա ԱՄՆ-ին կոչ է արել չդադարեցնել աջակցությունը՝ նշելով, որ Ուկրաինան զենքի ու զինամթերքի մատակարարման կարիք ունի։ Զելենսկին ընդգծել է, որ չի պատրաստվում խնդրել ամերիկացի զինվորականներին կռվել ուկրաինացիների համար, քանի որ նրանք «հրաշալի կերպով կարող են կառավարել ամերիկյան տանկերն ու ինքնաթիռները»։

Ուկրաինայի նախագահն իր ելույթի ժամանակ խոսել է նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ուժեղացնելու անհրաժեշտության մասին: «Եթե մենք հիմա չկանգնեցնենք ագրեսորին,- նախազգուշացրել է Զելենսկին,- ապա նրա հարձակումը ԱՄՆ դաշնակիցների վրա կլինի միայն ժամանակի հարց»: 

Զելենսկին, ի թիվս այլոց, ներկայիս պատերազմը կրկին համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ։ Նա ելույթ է ունեցել անգլերենով, և նրա խոսքերը՝  «երբեք չհանձնվել»՝ will never surrender, հղում էին անում Ուինսթոն Չերչիլի հայտնի ելույթին, նշել է BBC-ն։
Ելույթի ավարտին Ուկրաինայի նախագահը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին է հանձնել Ուկրաինայի դրոշը՝  ուկրաինացի զինվորների ինքնագրերով, որոնք գտնվում են Բախմուտի պաշտպանության առաջնագծում։