Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն Կովկասից մինչև Եվրոպա. Մակրոն

Անվտանգության երաշխիքներ պետք է տրվեն Կովկասից մինչև Եվրոպա. Մակրոն
Միջազգային
16:48, 22 декабрь 2022
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որն ավելի վաղ առաջարկում էր պատերազմը դադարեցնելու համար որոշակի երաշխիքներ տալ Ռուսաստանին (ինչի համար քննադատության ենթարկվեց ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Արևմուտքում), ասել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է սահմանվեն և տրամադրվեն ողջ տարածաշրջանի համար՝ Կովկասից մինչև Եվրոպա, գրում է The Wall Street Journal-ը։

Մակրոնը հայտարարել է, որ պաշտպանում է «Ուկրաինայի բացարձակ պաշտպանության» ռազմավարությունը, որի հաղթանակը մարտի դաշտում պետք է այնուհետև ամրագրվի «նոր տեքստով, որը պետք է դնի այդ տարածաշրջանում և Եվրոպայում քաղաքական կայունությունն ու անվտանգությունը երաշխավորող նոր կարգի սկիզբը»։

«Այդ տարածաշրջան» ասելով Մակրոնը նկատի ունի ոչ միայն Ուկրաինան և Ռուսաստանը, այլ նաև նախկին խորհրդային այլ հանրապետությունները, որտեղ տեղի են ունեցել կամ տեղի են ունենում տարածքային հակամարտություններ՝ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Մոլդովան:   

«Երբ ես խոսում եմ երաշխիքների մասին, ես խոսում եմ այս բոլոր երկրների մասին, (երաշխիքների մասին) մեզ համար, բայց նաև Ռուսաստանի համար»,- ասել է Մակրոնը։