Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ

Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ
Աշխարհ
14:09, 25 февраль 2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին կոչ է արել Ռուսաստանին բանակցություններ սկսել ռազմական գործողությունների դադարեցման շուրջ։ Նրա խոսքերը հնչել են ուրբաթ վաղ առավոտյան «Ուկրաինա-24» հեռուստաալիքով հեռարձակված և սոցիալական ցանցերում տարածված ելույթում։

«Վաղ թե ուշ Ռուսաստանը պետք է բանակցի մեզ հետ, խոսի այն մասին, թե ինչպես վերջ տալ ռազմական գործողություններին ու դադարեցնել այս ներխուժումը», - ասել է Զելենսկին՝ շարունակելով․ - «Որքան շուտ սկսվի այդ խոսակցությունը, այնքան քիչ կլինեն Ռուսաստանի սեփական կորուստները»։

Ավելի վաղ Զելենսկին ասել էր, որ չի վախենում Ռուսաստանի հետ քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակի և անվտանգության երաշխիքների հարցը։ Ուկրաինայի նախագահը նաև հայտարարել էր, որ Ուկրաինայի արևմտյան գործընկերները անվտանգության երաշխիքներ չեն տալիս և չեն ցանկանում ընդունել իրենց ՆԱՏՕ։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հայտարարել է, որ հինգշաբթի օրը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Զելենսկու խնդրանքով, ով խնդրել է նրան բանակցությունների առաջարկ փոխանցել Ռուսաստանի ղեկավարին։

«Ուկրաինան մենակ է մնացել, համաշխարհային ուժերը հեռվից հետևում են իրավիճակին, նախօրեին կիրառված պատժամիջոցները բավարար չեն», - ասել է Վլադիմիր Զելենսկին։

«Այս առավոտ մենք միայնակ ենք պաշտպանում մեր պետությունը, ինչպես երեկ: Աշխարհի ամենահզոր ուժերը հեռվից հետևում են: Արդյո՞ք երեկվա պատժամիջոցները համոզեցին Ռուսաստանին: Մենք լսում ենք... և տեսնում ենք, որ դա բավարար չէ», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում հրապարակած տեսաուղերձում։

Աղբուր՝ azatutyun.am