Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Այդ մարդիկ չունեն ուտելիք, ջուր, ապաստան». ԱՄՀ ղեկավարը՝ Սիրիա շուտափույթ օգնություն հասցնելու մասին

«Այդ մարդիկ չունեն ուտելիք, ջուր, ապաստան». ԱՄՀ ղեկավարը՝ Սիրիա շուտափույթ օգնություն հասցնելու մասին
Միջազգային
16:02, 13 февраль 2023
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տնօրեն-կառավարիչ Քրիստալինա Գեորգիևան համաշխարհային հանրությանը կոչ է արել հնարավորինս արագ օգնություն ցուցաբերել ավերիչ երկրաշարժից տուժած Սիրիային։

«Այդ երկիրը այնքան երկար և այնքան շատ է տառապել: Այժմ բոլորիս համար եկել է պահը, երբ մենք պետք է աջակցենք լքված մարդկանց և ինչքան հնարավոր է արագ ցուցաբերենք օգնություն նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Միջազգային հանրությունը պարտավոր է (այս իրավիճակում) գործել որպես մեկ ամբողջություն»,- ասել է Գեորգիևան՝ ելույթ ունենալով Դուբայում կայացած Համաշխարհային կառավարական գագաթնաժողովում։ 

Պատասխանելով լրագրողի հարցին՝ պատժամիջոցները մեղմելու անհրաժեշտության վերաբերյալ, որոնք խոչընդոտում են Սիրիա մարդասիրական օգնություն հասցնելուն, ԱՄՀ ղեկավարն ասել է, որ «մարդիկ չեն կարող սպասել մի քանի օր, երբ չունեն ապաստան, ուտելիք, ջուր»։

Սիրիայի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ կառավարության կողմից վերահսկվող տարածքում փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1414-ի, ևս 2349 մարդ վնասվածքներով և վիրավորումներով տեղափոխվել է հիվանդանոց։