Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ամերիկացիները լրիվ լկտիացել են». Մեդվեդևը՝ Սև ծովում ամերիկյան ԱԹՍ-ի հետ կապված միջադեպի մասին

«Ամերիկացիները լրիվ լկտիացել են». Մեդվեդևը՝ Սև ծովում ամերիկյան ԱԹՍ-ի հետ կապված միջադեպի մասին
Միջազգային
11:51, 17 март 2023
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կոշտ է արձագանքել Սև ծովում ամերիկյան դրոնի հետ կապված միջադեպին՝ հայտարարելով, որ սխալ է ԱՄՆ-ի հետ պատշաճ ձևերը պահպանելը, թեև ռազմական շփումներ անհրաժեշտ են։

«Ընդհանուր առմամբ, պարզ ասած, ամերիկացիները լրիվ լկտիացել են, և նրանց հետ պատշաճ ձևերը պահպանելը սխալ է: Թեև ռազմական շփումները, իհարկե, անհրաժեշտ են: Հատկապես սենատոր Գրեմի նման ամերիկացի տականքների հայտարարությունների ֆոնին, որ պետք է խոցել ռուսական ինքնաթիռները: Իմիջիայլոց, այդպիսի մարդկանց հետ երբեմն պատահում են ավիացիոն պատահարներ»,- նշել է Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։ 

Խոսելով դրոնի հետ կապված միջադեպի մասին՝ նա արձանագրել է, որ այդ թեմայով միջազգային կոնվենցիա չկա։ Չիկագոյի 1944 թվականի կոնվենցիան և այլ միջազգային փաստաթղթեր չեն կարգավորում այդ հարցերը։

 «Ի դեպ, հիշեցնեմ. ամերիկացիները խախտել են Բաց երկնքի մասին պայմանագիրը, որը տալիս էր ռազմական տեսչության իրավունք»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը։ 

Նա հավելել է, որ ներքին օրենսդրությունը նոր է ձևավորվում։ Սակայն Օդային օրենսգիրքն օգտվում է «արգելված գոտիներ» և «սահմանափակված գոտիներ» տերմիններից։ Այսպիսով, համաձայն Օդային օրենսգրքի  15-րդ հոդվածի սահմանվում են արգելված գոտիները, վտանգավոր գոտիները, օդանավերի թռիչքների համար սահմանափակ գոտիները և օդային տարածքում գործունեություն իրականացնելու համար սահմանված են օդային տարածքի կառուցվածքի այլ տարրեր:

«ԱԹՍ-ները նույնպես պետք է հետևեն այս կանոններին: Հատկապես ռազմական գործողությունների ժամանակ, ինչի մասին հայտնի է օդային տարածքից բոլոր օգտվողներին: Մանավանդ, որ երբեմն դժվար է ֆիքսել, թե երբ է օդանավը կամ ԱԹՍ-ն մտնում տարածքային ծով: Իսկ դա մեր տարածքի մասն է, որի վրա տարածվում է մեր ինքնիշխանությունը»,- ասել է Մեդվեդևը։