Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չինաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին սպառնացել է հակաքայլերով՝ ՌԴ-ի պատճառով չինական 7 ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների դեպքում

Չինաստանի ԱԳՆ-ն ԵՄ-ին սպառնացել է հակաքայլերով՝ ՌԴ-ի պատճառով չինական 7 ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների դեպքում
Միջազգային
12:41, 08 май 2023
Չինաստանը կպաշտպանի իր շահերը, եթե ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանի չինական 7 տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ՝ Ռուսաստանին սարքավորումներ մատակարարելու պատճառով։ Այս մասին այսօր հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։

«Եթե պարզվի, որ լրատվամիջոցների լուրերը ճիշտ են, <...> եվրոպական կողմի այդպիսի գործողությունները լրջորեն կխաթարեն ԵՄ-ի և Չինաստանի միջև փոխվստահությունն ու համագործակցությունը,- ընդգծել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով արևմտյան լրագրողի խնդրանքին՝ մեկնաբանել այն տեղեկատվությունը, որ Չինաստանի 7 ընկերություններ շուտով կարող են հայտնվել ԵՄ պատժամիջոցների տակ՝ ՌԴ սարքավորումներ մատակարարելու պատճառով։- Եվրոպական կողմը չպետք է սխալ թույլ տա, հակառակ դեպքում Պեկինը ստիպված կլինի վճռականորեն պաշտպանել իր ռացիոնալ հիմնավորված օրինական իրավունքները»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Financial Times-ը, որի տրամադրության ներքո է հայտնվել Եվրահանձնաժողովի կողմից պատրաստված պատժամիջոցների ցուցակի նախագիծը, հայտնել էր, որ Եվրամիությունը քննարկում է չինական 7 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու առաջարկը, որոնք տեխնիկական սարքավորումներ են վաճառում Ռուսաստանին։