Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նոր Կախովկայում անհետ կորած է համարվում 7 մարդ, Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ. ՀԷԿ-ի պայթեցման հետևանքները

Նոր Կախովկայում անհետ կորած է համարվում 7 մարդ, Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ. ՀԷԿ-ի պայթեցման հետևանքները
Միջազգային
10:36, 07 июнь 2023
Ռուսաստանի կողմից բռնակցված Նոր Կախովկայում անհետ կորած է համարվում առնվազն յոթ մարդ՝ ամբարտակի պայթեցումից հետո, ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի իշխանությունների կողմից քաղաքային վարչակազմի ղեկավար նշանակված Վլադիմիր Լեոնտևը։

Նա ընդգծել է, որ այս տվյալները վերաբերում են միայն այն մարդկանց, «որոնց մասին մենք հաստատ գիտենք»։ Նաև, Լեոնտևի խոսքով, Դնեպրի ձախ ափին գտնվող Կորսունկա բնակավայրն ամբողջությամբ անցել է ջրի տակ։ «Դնեպրյանին, Կրինկին, Կազաչի Լագերին մինչև տանիք ջրով են ծածկվել»,- հավելել է նա։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի կողմից բռնակցված Խերսոնի մարզի տարածքում 14 բնակավայր հայտնվել է հեղեղումների գոտում, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Ռուսաստանի կողմից նշանակված Խերսոնի մարզի բռնակցված մասի վարչակազմը հայտնել էր, որ հեղեղումների գոտուց տարհանվել է մոտ 900 մարդ։ Դնեպրի աջ ափին, հունիսի 7-ի առավոտյան հայտնել է Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, ջրի տակ է անցել 1852 տուն։ Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, Պրոկուդինը հայտնել է, որ հեղեղումների ինտենսիվությունը նվազում է։ Սակայն նա զգուշացրել է, որ ջուրը շարունակում է բարձրանալ ամբարտակի սաստիկ ավերման պատճառով։ «Մեր կանխատեսումներով՝ առաջիկա 20 ժամվա ընթացքում ջրի մակարդակը կբարձրանա ևս մեկ մետրով»,- ասել է նա։