Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում

Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են եկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու հարցում
Միջազգային
14:02, 11 июль 2023
Վիլնյուսում այսօր մեկնարկող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հաշվված ժամեր առաջ Անկարան և Ստոկհոլմը ընդհանուր հայտարարի են գալիս Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի անդամակցության խնդրի շուրջ։ Այս մասին հայտնի դարձավ, երբ Երևանում ուշ գիշեր էր՝ Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի, Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի եռակողմ բանակցությունների ավարտին։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

«Սա լավ օր է Շվեդիայի համար», - բանակցությունների ավարտին հայտարարում էր այդ երկրի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը՝ հատուկ ընդգծելով, որ Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը Ստոկհոլմը կարողացել է հասնել «առանց հավելյալ զիջումների»։

Ուշագրավ է, սակայն, որ երեկ ողջ օրվա ընթացքում գրեթե ոչինչ իրադարձությունների զարգացման նման սցենար չէր նախանշում։ Հակառակը` թվում էր, թե Շվեդիայի անդամակցության հարցում կողմերը վերջնականապես փակուղի են մտել։ Նման կարծիքներ էին հնչում հատկապես Էրդողանի՝ Վիլնյուս մեկնելուց առաջ արված հայտարարությունների ֆոնին։

«Նախ բացեք Թուրքիայի ճանապարհը դեպի Եվրոպական միություն, իսկ դրանից հետո մենք, մեր հերթին, կբացենք Շվեդիայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ` այնպես, ինչպես արել ենք Ֆինլանդիայի պարագայում», - Վիլնյուս մեկնելուց առաջ հայտարարում էր Էրդողանը։

Թուրքիայի նախագահի օդանավը դեռ վայրէջք չէր կատարել Լիտվայի մայրաքաղաքում, երբ հնչեցին առաջին հակադարձումները։ Առաջինը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն էր։

«Ես կողմ եմ Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնալու ձգտմանը։ Մենք նաև ըմբռնումով ենք մոտենում իր անվտանգության վերաբերյալ Թուրքիայի մտահոգություներին։ Դրա հետ մեկտեղ, պետք է հիշել, որ Ստոկհոլմը կատարել է անցած տարի Մադրիդում ստանձնած պարտավորությունները», - հայտարարում էր Ստոլտենբերգը։

Վաշինգտոնում ևս վտահ են, որ այս երկու հարցերը հարկավոր է միմյանցից անջատ դիտարկել։ Երեքշաբթի երեկոյան կայացած ճեպազրույցի ժամանակ այդ մասին էր հայտարարում Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Միացյալ Նահանգները տարիներ շարունակ աջակցել է Եվրամիության Թուրքիայի անդամակցության ձգտումներին, և մենք շարունակում ենք դա անել։ Դա, այդուհանդերձ, Միացյալ Նահանգների որոշելու հարցը չէ, սա խնդիր է, որի լուծումը պետք է գտնեն Եվրամիությունը և Թուրքիան։ Դրա հետ մեկտեղ, մենք չենք կարծում, որ այս հարցը պետք է խոչընդոտ հանդիսանա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելու ճանապարհին», - հայտարարում է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչը։

ԵՄ ղեկավար մարմիններից ևս հիշեցնում էին՝ Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին երկու առանձին գործընթացներ են, որոնք միմյանց հետ խաչվել պարզապես չեն կարող։

«Եվրամիության ընդլայնման գործընթացը շատ հստակ կառուցվածք ունի, այն շատ հստակ քայլեր է պարունակում։ Դրանք պետք է ձեռնարկվեն բոլոր թեկնածու երկրների կողմից, և [Էրդողանի կողմից հիշատակված] երկու գործընթացները միմյանց կապել հնարավոր չէ», - հայտարարում էր Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սպինանտը։

Աղբյուր՝ azatutyun.am