Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շվեդիայի վարչապետն ու Թուրքիայի նախագահը այսօր կհանդիպեն

Շվեդիայի վարչապետն ու Թուրքիայի նախագահը այսօր կհանդիպեն
Միջազգային
12:18, 10 июль 2023
Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը այսօր կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ փորձելու համար հաղթահարել դիվանագիտական փակուղին, որն առաջացել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Անկարայի դիրքորոշման պատճառով։

Երկու առաջնորդների միջև բանակցությունները Վիլնյուսում դաշինքի գագաթնաժողովի նախօրեին տեղի են ունենում այն պայմաններում, երբ ՆԱՏՕ-ն ձգտում է ցուցադրել միասնություն Ուկրաինայում ռուսական ագրեսիայի դիմաց, նշում է AFP-ն։
Կիրակի օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, երբ վերջինս եղել է ինքնաթիռում և ուղևորվել է Լոնդոն։ Սպիտակ տան կարճ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվել է, որ «Բայդենը ցանկություն է հայտնել հնարավորինս շուտ Շվեդիային ընդունել ՆԱՏՕ-ի կազմում»։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը հայտնել է, որ զրույցի ընթացքում Էրդողանն ու Բայդենը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Զրույցում Էրդողանը նշել է, որ Շվեդիան ճիշտ քայլեր է ձեռնարկել՝ փոփոխություններ մտցնելով հակաահաբեկչական օրենսդրության մեջ, սակայն Ստոկհոլմի որոշումը՝ թույլ տալ Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների ակցիաները, «զրոյացնում է այդ քայլերը»։

Էրդողանը նաև ասել է, որ սխալ է ամերիկյան F-16 կործանիչների պլանավորված փոխանցումը Թուրքիային (այդ գործարքը դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից) կապել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցի հետ։ 

Թուրքիան և Հունգարիան մնում են ՆԱՏՕ-ի միակ անդամները, որոնք արգելափակում են դաշինքին Շվեդիայի անդամակցության վավերացումը։ Բուդապեշտը հայտարարել է, որ կհետևի Անկարայի օրինակին և հավանություն կտա Շվեդիայի անդամակցությանը, եթե Թուրքիան կանաչ լույս տա: