Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը․ դեսպանները միացել են Բորելին

Ադրբեջանը պարտավոր է բացել Լաչինի միջանցքը․ դեսպանները միացել են Բորելին
Միջազգային
17:17, 27 июль 2023
Աղդամի ճանապարհը չպետք է դիտարկել որպես Լաչինի միջանցքի վերագործարկմանը այլընտրանք։ Այս մասին իր Twitter-յան էջում գրել է ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պերունչիկը։

Նա ներկայացրել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի երեկվա հայտարարությունը և կրկին վերահաստատել, որ Ադրբեջանի իշխանությունների Աղդամով հումանիտար բեռ փոխադրելու պատրաստակամությունը ԵՄ–ն միայն ի գիտություն է ընդունել։

«ԵՄ-ն նաև նշում է, որ ԿԽՄԿ-ի գործունեությունը տարածաշրջանում խիստ տուժել է, և կոչ է անում այն ամբողջությամբ վերսկսել, ներառյալ բժշկական տարհանումը և հումանիտար մատակարարումները»,– գրել է դեսպանը։

Ժոզեպ Բորելի հայտարարությունն է իր էջում տեղադրել նաև Հայաստանում և Վրաստանում Դանիայի դեսպան Աննե Թոֆթ Սորենսենը։ Դիվանագետը նույնպես վերահաստատել է ԵՄ-ի դիրքորոշումը Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ։