Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների նկատմամբ կիպրացի թուրքերի սադրանքը

ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների նկատմամբ  կիպրացի թուրքերի սադրանքը
Միջազգային
13:01, 22 август 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահների հետ տեղի ունեցած միջադեպը։

Օգոստոսի 18-ին կիպրացի թուրքերը սադրանք են իրականացրել՝ բուլդոզերով հարվածելով ՄԱԿ-ի ուժերի մեքենաներին։ Միջադեպը տեղի է ունեցել Պիլա բնակավայրի մոտ, որը գտնվում է Կիպրոսի հիմնական մասի և Թուրքիայի կողմից օկուպացված տարածքների միջև ընկած բուֆերային գոտում։ Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի (UNFICYP) հայտարարության համաձայն՝ ՄԱԿ-ի խաղաղապահները խոչընդոտել են այդ շրջանում չարտոնված շինարարական աշխատանքներին: 

Անվտանգության խորհուրդն իր հայտարարության մեջ ընդգծել է, որ կիպրացի թուրքերի գործողությունները հակասում են Անվտանգության խորհրդի բանաձևերին և հանդիսանում են բուֆերային գոտում ստատուս քվոյի խախտում։

Նշելով, որ խաղաղապահների վրա հարձակումը միջազգային իրավունքի խախտում է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր հանձնառությունն է հայտնել Կազմակերպության անձնակազմի պաշտպանությունն ապահովելու հարցում։

«Անհրաժեշտ է հետագայում խուսափել ցանկացած միակողմանի գործողություններից, որոնք կարող են մեծացնել լարվածությունը կղզում և վնաս հասցնել կարգավորման հեռանկարներին»,- ընդգծվում է հայտարարության մեջ։ 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը վերահաստատել է իր լիակատար աջակցությունը Կիպրոսում ՄԱԿ-ի խաղաղապահ կոնտինգենտին, կոչ է արել ապամոնտաժել անօրինական կառույցները, ինչպես նաև կանխել չարտոնված գործողությունները։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ևս մեկ անգամ կոչ է արել կողմերին համաձայնության գալ գլխավոր քարտուղարի առաջարկի շուրջ՝ Կազմակերպության բանագնաց նշանակելու վերաբերյալ, որը կարող է կարևորագույն աջակցություն ցուցաբերել շփման որոնման տեսանկյունից՝ պաշտոնական բանակցություններին վերադառնալու նպատակով: