Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների մեջ Ադրբեջանի նշած այդ 6-7 գյուղերը արդեն Հայաստանինն են, իսկ 1200 ք/կմ էլ մեր տարածքից Ադրբեջանին է տրված. Ռուբեն Գալչյան

Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների մեջ Ադրբեջանի նշած այդ 6-7 գյուղերը արդեն Հայաստանինն են, իսկ 1200 ք/կմ էլ մեր տարածքից Ադրբեջանին է տրված. Ռուբեն Գալչյան
Հարցազրույց
15:46, 06 октябрь 2023
Գրանադայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հոկտեմբերի 5-ին կայացած քառակողմ հանդիպման արդյունքում մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29.800 քկմ) և Ադրբեջանի (86.600 քկմ)  ինքնիշխանությանը։ Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա։
Այս մասին Civic.am-ը զրուցել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ։


- Պարոն Գալչյան, արդյոք այդ քարտեզների մեջ անկլավները մտնո՞ւմ են։   

- Անկլավները, այո, մտնում են, բայց տարբեր խնդիրներ են առաջանում այդտեղ. առաջինը, որ անկլավները որևէ իրավական հիմք չունեն, որևիցե փաստաթուղթ չկա, որ ըստ դրա անկլավները անցել են Հայաստանին կամ Ադրբեջանին, պարզապես Գլխավոր շտաբի քարտեզների վրա գծել են։ Երկրորդը, ըստ Ադրբեջանի Սահմանադրության ակտի երկրորդ հոդվածի՝ Ադրբեջանը ժառանգն է 1918-1920թթ. Ադրբեջանի։ Եթե իրենք 1918-1920թթ. Ադրբեջանի ժառանգն են, ապա այդ ժամանակ անկլավ գոյություն չուներ։ Անկլավները ստեղծել է Խորհրդային Միությունը 1936-1939թթ.-ին։ 

- Իսկ  ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա  ո՞ր թվականներինն է գծվել։

- Գլխավոր շտաբի այդ քարտեզները 1970-ականներինն է, բայց անկլավները 1933-1939թթ. արդեն կային։ Դրանով Հայաստանին վերադարձվում է Արծվաշենը, իսկ Ադրբեջանին վերադարձվում են Տիգրանաշենը ու Տավուշի մարզի երկու գյուղ։ Երեքը միասին՝ 45 քառակուսի կմ, իսկ Արծվաշենը՝ 44 քառակուսի կմ։ Բայց  ինչպե՞ս են այդ անկլավները ադրբեջանցիները  մուտք գործելու, եթե մուտք գործելու համար պետք է անցնեն Հայաստանի տարածքով։  Կամ ո՞նց ենք Ադրբեջանի տարածքով մենք գնալու Արծվաշեն։  

- Պարոն Գալչյան, սրա արդյունքում մենք ճանապարհների հետ կապված խնդիրներ ունենալո՞ւ ենք։ 

- Տիգրանաշենի անկլավը նստած է մայրուղու վրա, և խնդիր ունենալու ենք։ Այսինքն՝ նոր ճանապարհ պետք է կառուցվի, բայց անկլավը ո՞նց է միանալու Ադրբեջանին, եթե ճանապարհ չկա դեպի Ադրբեջան։ Անկլավների խնդիրը ավելի լավ  կլուծվի, եթե որը Հայաստանի տարածքում է՝ Հայաստանին մնա, իսկ որը Ադրբեջանինն է՝ Ադրբեջանին մնա։ Համարյա նույն տարածությունն ունեն՝ հայկականը Ադրբեջանում 44 կմ քառակուսի է, իսկ ադրբեջանականը Հայաստանում՝ 45 քառակուսի կմ։

- Իսկ երբ Ադրբեջանը խոսում է Տավուշի մարզի ևս 7-8 գյուղերի մասին, դրանք ի՞նչ գյուղեր են։ 

- Ժամանակին Խորհրդային Միությունը այդ 6-7 գյուղերը տվել է մեզ, իսկ Ադրբեջանին էլ տվել է 1200 քառակուսի կմ Հայաստանի տարբեր մասերից։ Ուրեմն թող իրենք էլ այդ 1200 քառակուսի կմ-ը վերադարձնեն։ Դրանք Ալ լճերի տարածքն է Սևանի հարավ-արևելքում, Արծվաշենի ամբողջ ռեգիոնը, նաև Գորիսի մոտ, Կապանի մոտ և Տավուշում։ Դա եղել է 1926-1934 թթ.-ին։ Այսինքն՝ Ադրբեջանի նշած 6-7 գյուղերը Խորհրդային Միությունը տվել է մեզ, իսկ Հայաստանից էլ շուրջ 1200 քկմ տվել Ադրբեջանին, ու եթե մենք պետք է տանք այդ գյուղերը, ապա Ադրբեջանն էլ պետք է վերադարձնի այդ 1200 քառակուսի կմ-ը։ Խորհրդային Միության Գլխավոր շտաբի քարտեզների մեջ այդ 6-7 գյուղերը արդեն Հայաստանինն են, իսկ 1200 ք/կմ էլ մեր տարածքից Ադրբեջանին է տրված։

Դավիթ Լևոնյան