Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ դու հնարավորություն ես ստեղծում քեզ համար դաշնակիցներ փնտրելու ու այդ հարվածներին դիմագրավելու. Արեգ Քոչինյան

Դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ դու հնարավորություն ես ստեղծում քեզ համար դաշնակիցներ փնտրելու ու այդ հարվածներին դիմագրավելու. Արեգ Քոչինյան
Հարցազրույց
19:05, 06 октябрь 2023
Գրանադայում հոկտեմբերի 5-ին կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ քառակողմ հանդիպում, որի արդյունքում մասնակիցները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված Հայաստանի (29.800 քկմ) և Ադրբեջանի (86.600 քկմ)  ինքնիշխանությանը։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։  
Այս մասին Civic.am-ը զրուցեց քաղաքագետ Արեգ Քոչինյանի հետ։


- Պարոն Քոչինյան, Ալիևը չգնաց Գրանադա. ինչի՞ց նա խուսափեց։ 

- Երկու հարթություն կա. առաջինն այն է, որ մենք հիմա որոշակի  անցումային փուլում ենք գտնվում, երբ Ֆրանսիան միջնորդից վերածվում է դաշնակցի։ Դեռևս Հայաստանի համար այնպիսի դաշնակից չէ, ինչպիսին Թուրքիան՝ Ադրբեջանի համար, բայց միանշանակ է, որ  այլևս չեզոք միջնորդ էլ չէ։ Նաև այդ պատճառով Ալիևը չգնաց Գրանադա։ Հենց դրա համար է Գերմանիայի մասնակցությունը, որը պետք  է մեղմեր ինչ-որ չափով ֆրանսիական կողմի ներդաշնակեցումը Հայաստանի հետ։ Սա առաջին շերտն էր։ Երկրորդ շերտը այն է, որ Ադրբեջանը 23-ժամյա պատերազմից հետո, ըստ էության, ունի երկու տեսական հնարավորություն իրավիճակի հետագա զարգացման համար։ Մեկը համարելն է, որ Արցախյան հարցը լուծվել է և գնալը ՀՀ-ի հետ հարաբերությունների կարգավորման, իսկ մյուս ճանապարհը տուրք տալն է մաքսիմալիզմին և շարունակելը ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու տարածքային պահանջներ ներկայացնելը Հայաստանին։  

Թե որ ճանապարհը կընտրի Ալիևը՝ կախված է հետևյալ դրույթներից։ Առաջինը, թե որքանով է դիմադրողունակ Հայաստանը։ Այսինքն՝ հարցը, թե որքան կարող է առաջ գնալ Ադրբեջանը, կախված է նրանից, թե որքանով է դիմադրողունակ Հայաստանը։ Ընդ որում, դիմադրությունն էլ կախված է երկու բաղադրիչից։ Առաջինը ներքին դիմադրողականությունն է,  ասել է թե՝ բանակ, ժողովրդի դիմադրողականություն, պաշտպանության միավորներ, զենք-զինամթերք և այլն։ Երկրորդը միջազգային հանրության, իսկ ավելի կոնկրետ՝ արևմտյան մեր գործընկերների կոնսոլիդացիան է Հայաստանի տարածքային ամբողջականության, անձեռնմխելիության շուրջ։ Մենք մինչև այս պահը տեսնում ենք  կոնսոլիդացիա առնվազն հայտարարությունների մակարդակով, և դա շատ կարևոր է։ Իսկ արդեն երրորդ էլեմենտը ռուս-թուրքական տանդեմն ու դրա պլաններն են տարածաշրջանի հետ կապված ու դրանց հնարավոր աջակցության մակարդակը Ադրբեջանին։ Այս երեք էլեմենտները վերաբերում էին նրան, թե ինչից է կախված՝ Ադրբեջանը կգնա մաքսիմալիստակա՞ն ճանապարհով, թե՞ համագործակցության ճանապարհով։

ՀՀ-ի համար կարևոր է նաև  պրոակտիվ ճանապարհով համագործակցության դաշտ բացել Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Դա կարող է լինել համատեղ ենթակառուցվածքների մասով, տնտեսական պրոյեկտների մասով, որպեսզի մեզ հետ համագործակցությունը գրավիչ լինի։ Հիմա վերը նշվածի արդյունավետ համադրությունն է, որ կստեղծի պայմաններ, որպեսզի Ադրբեջանը գնա հարաբերությունների կարգավորման ճանապարհով, այլ ոչ մաքսիմալիզմի ճանապարհով։

- Կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի հարցը այլևս գոյություն չունի։

- Այն ընկալմամբ, որով մենք օգտագործում ենք Արցախ և Ղարաբաղյան հարց տերմինները, այլևս գոյություն չունի։

- Մենք հույսեր կարո՞ղ ենք ունենալ, որ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությունը կարող է վերադառնալ այնտեղ։

- Ես կարծում եմ, որ դա առաջին հերթին հենց բռնագաղթածների որոշելիք հարցն է, և չեմ տեսնում այդ մարդկանց մեջ ցանկություն, որ գնան ու ապրեն Ադրբեջանի իրավազորության ներքո։

- Խոսակցություններ են տարածվում, որ ՌԴ խաղաղապահ ուժերը ժամանակից շուտ կարող են լքել ԼՂ-ն։ Այդ դեպքում ՀՀ-ն կարո՞ղ է քայլեր ձեռնարկել, որ այնտեղ տեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր։

- Տեղակայվեն, որ ի՞նչ անեն։ Ես կարծում եմ, որ ԼՂ-ում ռուս կամ որևէ այլ դիտորդական առաքելության գտնվել կամ չգտնվելը այլևս Հայաստանի հետաքրքրությունների շրջանակում չի գտնվում։

- Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա ի՞նչ պատասխան կարող ենք ստանալ ՌԴ-ից՝ կապված այն բանի հետ, որ տնտեսապես ու ռազմական առումով շատ ենք կախված ՌԴ-ից։

- Հայաստանը պետք է  դուրս գա ՀԱՊԿ-ից։ Ըստ էության ՌԴ-ն Հայաստանի հետ գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ։ Այս իրավիճակը ունի երկու լուծում. կամ Հայաստանը անում է ամեն ինչ, ինչ ցանկանում է Ռուսաստանը, իսկ ՌԴ-ն այս պահին ուզում է երկու բան՝ միջանցք ՀՀ-ի հարավում և Հայաստանի էլ ավել խորը ինտեգրացիա Ռուսաստանի առաջնորդած կառույցներում և Արևմուտքի հետ կապերի խզում։ Այս բոլոր պայմանները պետք է կատարվեն ՌԴ-ից հարվածները դադարեցնելու համար։ Ընդ որում, այստեղ խոսքը միայն սրա մասին է, սրա դիմաց ՌԴ-ն որևէ բան չի պատրաստվում ՀՀ-ին տալ։ Երկրորդ լուծումը, իրավիճակից ելնելով, պրոակտիվ քաղաքականություն վարելն է, դիմադրողականությունը բարձրացնելը ու փորձելը դուրս գալ այս իրավիճակից։ Դա անելու համար մեզ պետք  են դաշնակիցներ, դրա համար մենք պետք է սկսենք լքել ՌԴ-ի հետ տարբեր կառույցներում ինտեգրացիոն բոլոր  գործընթացները։
Այս ամենից դուրս կա երրորդ ճանապարհ, որը անում է ՀՀ-ն. դա ոչինչ չանելն է։ Այսինքն՝ ո՛չ փորձել դիմագրավել ռուսական հարվածներին, ոչ էլ անել այն ամենը, ինչ ցանկանում է ՌԴ-ն։ Այս պահին ՀՀ-ն մասնակիորեն է բավարարում ՌԴ-ին, բայց իրավիճակը այն փուլում է, որ ՌԴ-ն չի բավարարվելու մասնակի լուծումներով, և ինքը ուզում է ամեն ինչ։ Այսինքն՝ հարցը հստակ է դրված՝ կամ մենք անում ենք այն ամենը, ինչ ցանկանում է ՌԴ-ն, կամ էլ սկսում ենք դուրս գալ ինտեգրացիոն գործընթացներից և առաջինը դուրս ենք գալիս ՀԱՊԿ-ից։

- Իսկ այդ դեպքում, եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք  գալիս, գազի անջատման ու ատոմակայանի չաշխատելու դեպքում արդյոք մենք այլ լուծումներ ունե՞նք։ 

- Նախ քաղաքականության մեջ անլուծելի հարցեր չկան, և երկրորդը՝ Ձեր նշած բոլոր հարվածները մենք այսպես թե այնպես ստանալու ենք, եթե չենք անում այն ամենը, ինչ ցանկանում է Ռուսաստանը։ Լինի դա կոնյակի հետ կապված խնդիր, գազի կամ ատոմակայանի՝ այդ խնդիրները գալու են, որովհետև մենք չենք անում այն ամենը, ինչ որ ցանկանում է Ռուսաստանը։ Դա արդեն իսկ բավարար պատճառ է, որ ՌԴ-ն մեզ հարվածներ հասցնի։  Եվ ՀԱՊԿ-ից դուրս չգալն ու ՌԴ-ի կողմից հիբրիդային հարվածներից վախենալը աբսուրդ է, որովհետև այդ հարվածները այսպես թե այնպես ստանալու ես։ Բայց դուրս գալով ՀԱՊԿ-ից՝ դու հնարավորություն ես ստեղծում քեզ համար դաշնակիցներ փնտրելու ու այդ հարվածներին դիմագրավելու։ Ես չեմ երաշխավորում, որ դաշնակիցները կհայտնվեն, բայց դա աշխատանք է, որ պետք է  արվի։ 
                                                                                                           
Դավիթ Լևոնյան