Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որևէ առավելություն չենք տեսել Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայության մեջ․ ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում, քանի որ ՌԴ-ն չի իրագործել դաշնակցային պարտավորությունները. Փաշինյան

Որևէ առավելություն չենք տեսել Հայաստանում ռուսական ռազմակայանների ներկայության մեջ․ ՀՀ-ն նոր գործընկերներ է փնտրում, քանի որ ՌԴ-ն չի իրագործել դաշնակցային պարտավորությունները. Փաշինյան
Հարցազրույց
12:33, 26 октябрь 2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Wall Street Journal-ին, որից առանձնացրել ենք մի քանի հարցուպատասխան։


The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով - Եվրոպական Խորհրդարանի Ձեր խոսքում Դուք նշեցիք, որ հիասթափված եք ձեր որոշ դաշնակիցների վարքագծից։ Կարո՞ղ եք ավելի մանրամասնել, ըստ Ձեզ, ՀԱՊԿ-ի ձեր պաշտոնական դաշնակիցները, մասնավորապես Ռուսաստանը, ի՞նչ պետք է աներ այլ կերպ, և ի՞նչ ակնկալիքներ ունեք Ձեր արևմտյան դաշնակիցներից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք դրա մասին առաջին անգամ չէ որ խոսում ենք և խոսել ենք այն մասին, որ 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանն ագրեսիվ գործողություններ է իրականացրել Հայաստանի նկատմամբ և տարածքներ է օկուպացրել: Հավաքական անվտանգության պայմանագրի մեջ և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրության մեջ հստակ նշված են այն գործողությունները, թե ինչ պետք է տեղի ունենա, երբ անդամ երկրի նկատմամբ ագրեսիա է տեղի ունենում: Նկարագրվածը տեղի չի ունեցել և, բնականաբար, դա հիասթափեցնող է և՛ Հայաստանի կառավարության, և՛ հայ հանրության համար:
Նաև Ռուսաստանի հետ մենք անվտանգության ոլորտում երկկողմ պայմանագիր ունենք, և այդ պայմանագրում նկարագրված գործողությունները նույնպես տեղի չեն ունեցել, ինչը նույնպես շատ լուրջ հարցեր է առաջացրել և՛ Կառավարության, և՛ հանրության շրջանում:
Ինչ վերաբերում է այլ գործընկերների հետ հարաբերություններին, ավելի ճիշտ և անկեղծ կլինեմ, եթե ասեմ, որ ահա այս իրադրությունները, ըստ էության, մեզ բերել են մի որոշման, որ մենք պետք է մեր անվտանգային ոլորտի մեր հարաբերությունները դիվերսիֆիկացնենք: Եվ մենք հիմա փորձում ենք դա անել:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով - Բայց փաստացի հենց այս պահին դեռևս այդ պայմանագիրն ունեք Ռուսաստանի հետ, Հայաստանում կան ռուսական ռազմաբազաներ։ Ձեր կարծիքով՝ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում առավելությո՞ւն, թե խոչընդոտող հանգամանք է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, գոնե այս պահին ես արդեն ասացի, իմ նկարագրած դեպքերի շրջանակներում մենք առավելությունները, ցավոք, չենք տեսել:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Արդյոք սա նշանակում է, որ պլանավորում եք Ռուսաստանից պահանջել հանել ռազմաբազաները Հայաստանից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք նման հարց չենք քննարկում: Մենք հիմա ավելի շատ քննարկում ենք այլ հարցեր, փորձում ենք հասկանալ, թե ի՞նչն է նման իրադրության պատճառը, և, իհարկե, նաև կարծում եմ՝ սա Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև աշխատանքային քննարկումների օրակարգ կլինի:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով – Դուք անընդհատ ասում եք, որ Դուք և Հայաստանի ժողովուրդը հարցեր ունեք ռուսական զորքերի, Ռուսաստանի պահվածքի վերաբերյալ։ Ի՞նչ հարցերի մասին է խոսքը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Արդեն ասացի: Նախ` Ձեր հարցին անդրադառնալով արդեն նշեցի Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործողությունների հետ կապված, 2021 թվականի մայիսին, 2022 թվականի սեպտեմբերին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործողությունների կամ ավելի ճիշտ անգործության վերաբերյալ: Նույն հարցը վերաբերվում է Ռուսաստանի և Հայաստանի անվտանգային ոլորտի երկկողմ պայմանագրերին: Բայց ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել մի նրբության վրա, որ մենք այս հարցերի շուրջ խոսակցություն, երկխոսություն սկսել ենք: Այսինքն՝ այնպես չէ, որ այդ խոսակցությունը տեղի չի ունենում: Այսօր էլ է տեղի ունենում այդ խոսակցությունը, ես էլ եմ առիթ ունեցել այդ թեմայով խոսելու, մեր տարբեր գործընկերներ խոսում են, և այդ խոսակցությունը կշարունակվի, որովհետև այստեղ իսկապես շատ կարևոր է, որ մենք Ռուսաստանին և Ռուսաստանը մեզ ավելի լավ և ավելի ճիշտ հասկանա:

The Wall Street Journal՝ Յարոսլավ Տրոֆիմով - Դուք նշեցիք ՀԱՊԿ-ի՝ իր ֆունկցիաների թերակատարման փաստը։ Ինչո՞ւ է Հայաստանը շարունակում մնալ այդ կազմակերպության անդամ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հենց նույն պատճառով մենք հարցերի քննարկման փուլում ենք, որովհետև չենք ուզում որևէ հարցում սխալ հասկացած լինենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և չենք ուզում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը որևէ հարցում սխալ հասկացած լինի մեզ: Դրա համար պետք է հետևողական աշխատանք տանենք մինչև կհասունանա որևէ եզրակացություն անելու պահը:

The Wall Street Journal Յարոսլավ Տրոֆիմով - Եթե անդրադարձ կատարենք հայ ժողովրդի և Ռուսաստանի միջև հարաբերություններին դարերի ընթացքում, չէի ցանկանա ասել այս բաժանումը, բայց գուցե շատերի համար դավաճանված լինելու զգացողությունը, այս լարվածությունը որքանո՞վ է պատմական։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք, եթե Դուք պատմական կոնտեքստն եք ընդգծում, ես այդ պատմական կոնտեքստում ոչ այնքան կընդգծեի Հայաստանի, հայ ժողովրդի և Ռուսաստանի հարաբերությունները, որքան կընդգծեի Հայաստանի և Թուրքիայի կամ Հայաստանի և տարածաշրջանի թրքախոս ժողովուրդների հարաբերությունը, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարաբերությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Այստեղ են բոլոր հարցերը և այստեղ են բոլոր հարցերի պատասխանները: Եվ ես հենց այդ տրամաբանությունն եմ դնում, որ մենք պիտի աշխատենք՝ առաջին հերթին մեր տարածաշրջանում մեր հարաբերությունները բարելավենք: Ում հետ ունենք լավ հարաբերություններ, այդ հարաբերություններն ավելի լավը դարձնել: Խոսքը Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության մասին է։ Ում հետ հարաբերությունները լարված են կամ չկան հարաբերություններ, այդ հարաբերությունները ստեղծենք և փորձենք քայլ-քայլ գնալ առաջ: