Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի «ախորժակը» շատ է մեծացել, Շոլցի հայտարարությունն ուղղված էր դրա դեմ, իսկ Աշոտյանը թող լռի, երբ մեծերն են խոսում․ Դավիթ Խաժակյան

Ադրբեջանի «ախորժակը» շատ է մեծացել, Շոլցի հայտարարությունն ուղղված էր դրա դեմ, իսկ Աշոտյանը թող լռի, երբ մեծերն են խոսում․ Դավիթ Խաժակյան
Հարցազրույց
16:33, 03 март 2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գտնվում էր Գերմանիայում, որտեղ մասնակցում էր Մյունխենի անվտանգության համաժողովին։ Գերմանիայից վերադառնալուց շատ կարճ ժամանակ անց վարչապետը նոր այց կատարեց Գերմանիա՝ այս անգամ արդեն աշխատանքային այց։ Երկօրյա այցի ընթացքում Փաշինյանը հանդիպումներ ունեցավ Գերմանիայի կանցլերի և նախագահի հետ։

Կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կայացած հանդիպումից հետո տեղի ունեցած ասուլիսում Շոլցը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, հայտարարեց. «Ստատուս քվոն չի կարող երկար շարունակվել, պետք է հանգել երկարաժամկետ, ի բարօրություն մարդկանց լուծման։ Անհրաժեշտ է հասնել խաղաղ հանգուցալուծման՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ինքնորոշման տեսանկյունից։ Ընդ որում, այս բոլոր սկզբունքները հավասարազոր են»։ 
Գերմանիայի ղեկավարի այս և մի շարք այլ արտաքին քաղաքական հարցեր քննարկել ենք «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ։ 

Խաժակյանը հիշեցրեց վարչապետի՝ ԱԺ-ում տեղի ունեցած հայտարարությունը, թե միջազգային գործընկերները առաջարկում են կարգավիճակի մասով իջեցնել նշաձողը, ինչը քննադատությունների մեծ ալիք բարձրացրեց։ Ըստ Խաժակյանի, Շոլցի՝ երեկվա հայտարարությունը վկայությունն է նրա, որ Հայաստանի՝ վերջին մեկ-երկու տարվա քաղաքականությունն արդարացված էր, և միջազգային հանրության կողմից կա ըմբռնում, որ կա ինքնորոշման անհրաժեշտություն։

Ինչո՞ւ հիմա եղավ Շոլցի այս հայտարարությունը։ Ըստ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցչի՝ Ադրբեջանի «ախորժակը» շատ է մեծացել, պահանջում է բաներ, որոնք անընդունելի են Հայաստանի համար, և Շոլցի հայտարարությունն ուղղված էր Ադրբեջանի «ախորժակի» մեծացման դեմ, քանի որ Արևմուտքին տարածաշրջանում խաղաղություն է անհրաժեշտ, իսկ այդ խաղաղության հաստատումը խաթարում է Ադրբեջանը։  

Խաժակյանը, անդրադառնալով ԵՄ դիտորդների տեղակայմանը, նկատեց, որ դրանից Հանրապետական կուսակցության մոտ է «ջղաձգումներ» առաջացել։ Ապա նշեց. «Բանակցային գործընթացը դրել են այնպիսի ռելսերի վրա, որոնք անխուսափելիորեն բերելու էին այս ամենին։ Երբ լսում ես պարոն Աշոտյանին՝ օգտագործելով «իշխանական լափաման» և «ուսապարկ» տերմինները, իր մոտ դող է անցնում, որովհետև իր գործունեությունը սկսել է իշխանական լափամանից՝ շատ երիտասարդ տարիքից։ Էս մարդը իր ամբողջ քաղաքական գործունեության ընթացքում մի ինքնուրույն քայլ չի արել։ Եթե ուսապարկ բնորոշումը ինչ-որ մեկին պետք է լավագույնս բնորոշի, դա հենց ինքն է։ Ինքը Հանրապետականի քաղաքական «ուսապարկն» է»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Պե՞տք է Հայաստանը սկսի խոսել ինքնորոշման իրավունքի մասին, թե՞ պետք է շարունակել խոսել իրավունքներից, անվտանգությունից, ապա դրանցից բխեցնել ինքնորոշումը։ Խաժակյանի կարծիքով՝ պետք է չշտապել, պետք է շարունակել խոսել իրավունքներից՝ նկատի ունենալով նաև ինքնորոշման իրավունքը։ 

Ըստ մեր զրուցակցի՝ կարելի է զգուշավորությամբ արձանագրել, որ «օղակն Ադրբեջանի շուրջ սեղմվում է», իսկ Հայաստանը որոշ չափով դուրս է եկել ճգնաժամային իրավիճակից։ «Ինչ-որ տեղ կարող ենք ասել, որ նախորդ տարեվերջի լարվածությունը, որ կար, և ակնկալիքը, որ կա՛մ կլինի խաղաղության պայմանագիր, կա՛մ պատերազմ, չեմ ուզում ասել, որ այս վտանգի տակից դուրս ենք եկել, բայց կարող եմ ասել, որ հիմա մի փոքր ավելի բարենպաստ դիրքերում ենք։ Զգուշավոր լավատեսության տեղ կա, որ 2022-ի տարեվերջի կրիտիկական իրավիճակից մի քայլ հետ ենք գնացել»,- ասաց Դավիթ Խաժակյանը։

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան