Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ հույսեր կապելը անիմաստ է. ռուսական բանակցային հարթակում հարցը մեկն է. ինչպես Արցախը ինտեգրել Ադրբեջանին. Անահիտ Ադամյան

«Գործնականում տեղի է ունենում շատ պարզ բան. այս բոլոր գործընթացները Ռուսաստանի ենթակայության տակ են»,- ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անահիտ Ադամյանը՝ անդրադառնալով այսօր Ստեփանակերտում տեղի ունեցած համաժողովրդական շարժմանը։

Ըստ նրա՝ այսօր, ինչ որ ասվել է հանրահավաքի ընթացքում, աշխարհը վաղուց գիտի, և որևէ նոր քայլ, ծրագիր կամ հետագա գործողությունների ուղեցույց չկար. «Գործնականում շարունակվում է մեղադրականը Հայաստանին, կոչերը Ռուսաստանին և մունաթները Արևմուտքին»։ 

Ադամյանի կարծիքով՝ շարժումը կնպաստեր ՀՀ դիրքերի ամրացմանը վաղը Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպմանը, եթե Արցախում վերջապես հաստատվեր այն գիտակցությունը, որ իրենց թշնամին Հայաստանը չէ, իրենց թշնամին Ադրբեջանն է, Ռուսաստանն է, Թուրքիան է։  Բայց այդ գիտակցությունը Արցախում չկա։

Ադամյանը նշում է, որ Ադրբեջանը ձգտում է ռուսական հարթակում տեղի ունեցող  բանակցություններին, որովհետև այդ հարթակի օրակարգը Արցախի ինտեգրումն  է Ադրբեջանին. «Այլ օրակարգ այդ բանակցություններում չկա։ Եվ միայն արևմտյան հարթակում են քննարկվում հարցեր, որոնք վերաբերում են Արցախի կարգավիճակին։ Մենք ընդունել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի Ադրբեջանը ընդունի Արցախի կարգավիճակը։ Այս փուլում դա չի նշանակում տալ Արցախի ինքնորոշման իրավունք  կամ անկախություն, այս փուլում դա նշանակում է ճանաչել Արցախի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, և բանակցությունների Արցախը պետք է գնա հենց այս օրակարգով։ Ռուսական հարթակում հարցը մեկն է. ինչպես Արցախը ինտեգրել Ադրբեջանին, արևմտյան հարթակում լրիվ այլ է, դրա համար Ալիևը խուսափում է  արևմտյան հարթակից»։ 

Ադամյանի խոսքով՝ խաղաղության համաձայնագրի կնքումը  ուժերի հավասարակշռության վերականգնմամբ է  որոշվում. «Ինչու է Բաքուն իր նշաձողը անընդհատ բարձրացնում, որովհետև Բաքուն զգում է, որ ունի գերակայություն ՀՀ-ի նկատմամբ։ Միայն այն պայմաններում, երբ կստեղծվի ուժերի հավասարակշռություն, Ալիևը կդառնա շատ խելացի ու ցանկացած «ոչ»-ից կամ սադրանքից առաջ կմտածի»։
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի պետնախարար Գուրգեն Ներսիսյանի խոսքերին, որում նա ՀՀ-ին, ՌԴ-ին ու միջազգային հանրությանը մեղադրում էր ոչինչ չանելու ու պարզապես դիտորդի կարգավիճակում մնալու մեջ, Ադամյանը ասաց. «Եթե Հայաստանը պարզապես դիտորդի կարգավիճակում է, ապա ինչպես կբացատրեք Եռաբլուրի գրեթե եռապատկվելը։  Ինչով կբացատրեք ՀՀ արտաքին գործերի նախարարի, վարչապետի ու քաղաքական  կուսակցությունների անվերջ հայտարարությունները և առաջարկությունները։ Իսկ ինչ է անում խաղացողը։ Արցախում պետք է հասկանան, որ Ռուսաստանի հետ հույսեր կապելը անիմաստ է, դա նույնիսկ Էրդողանն է հասկացել։ Էրդողանը հասկացել է մի պարզ ճշմարտություն, որ իր երկրի տնտեսությունը աղետալի վիճակում է, բայց ՌԴ-ն չունի ներդրումների հնարավորություն բարձրացնելու լիրան։ Միայն Արևմուտքի հետ համագործակցությամբ ինքը կարող է կատարել այն խոստումները, որոնք նա տվել է ընտրվելուց առաջ»։

Ինչ վերաբերում է  «Հայաքվե» նախաձեռնությանը, Անահիտ Ադամյանը ասաց. «Դժվար է  մտածել  ավելի հակահայկական ակցիա, որովհետև ինչ է դա նշանակում. որ դու չես ստորագրում՝ նշանակում է, որ կողմ ես, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, իսկ եթե ստորագում ես, ապա իմաստը ո՞րն է, անիմաստ գործողություն։ Արցախը Երևանի կենտրոնում չեն պաշտպանում։ Արցախի հարցը Ստեփանակերտում են լուծելու»։

Մանրամասն՝ տեսանյութում

Դավիթ Լևոնյան