Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի համար միակ ելքը մնում է պատրաստվել Ադրբեջանի սադրանքներին և տարածքային նկրտումներին արժանի դիմադրություն տալուն՝ թե դիվանագիտության և թե բանակաշինության արդյունավետացման եղանակով. Հովսեփ Խուրշուդյան

Հայաստանի համար միակ ելքը մնում է պատրաստվել Ադրբեջանի սադրանքներին և տարածքային նկրտումներին արժանի դիմադրություն տալուն՝ թե դիվանագիտության և թե բանակաշինության արդյունավետացման եղանակով. Հովսեփ Խուրշուդյան
Հարցազրույց
14:30, 16 август 2023
Հայաստանի կողմից ԼՂ-ում ստեղծված իրավիճակի շուրջ ՄԱԿ Անվտանգության խորհրդի դիմումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն սադրիչ հայտարարություն էր տարածել, ինչպես նաև ադրբեջանական կողմը նշել էր, թե Հայաստանի կողմից սահմանին զինտեխնիկայի կուտակում է նկատվում՝ այդ կերպ կարծես թե պատրաստվելով նոր սադրիչ գործողությունների։ 

Թեմայի շուրջ Civic.am-ը զրուցել է  ԵՄ Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանի հետ։ 

- Պարոն Խուրշուդյան, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Ադրբեջանը իրեն իրավունք է վերապահում պաշտպանել իր ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը ՄԱԿ-ի կանոնադրությամբ և միջազգային իրավունքի այլ համընդհանուր փաստաթղթերով նախատեսված բոլոր օրինական միջոցներով։ «Հայաստանը չի դադարեցրել իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ, և Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը տարբերվում է նրա գործողություններից»,- ասվում է հայտարարության մեջ։ 
Նախ՝ ի՞նչ է Հայաստանին տվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության բանավոր ճանաչումը։ Արդյոք դրանով նաև կանխվե՞լ են ԼՂ-ի նկատմամբ հերթական էսկալացիաները Ադրբեջանի կողմից։    


- Պետք է հասկանալ, որ անկախ այն բանից՝ կճանաչի Հայաստանը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թե ոչ, Ալիևի ռեժիմը չի դադարեցնելու Հայաստանի վրա ճնշում գործադրելու իր քաղաքականությունը, քանի դեռ իր ուզած ձևով չի լուծվել Արցախի խնդիրը, այսինքն՝ քանի դեռ չի իրականացրել Արցախի հայաթափում: Այնպես որ, Հայաստանի համար միակ ելքը մնում է պատրաստվել Ադրբեջանի սադրանքներին և տարածքային նկրտումներին արժանի դիմադրություն տալուն: Պատրաստվել թե դիվանագիտության ուժեղացման և թե բանակաշինության արագացման ու արդյունավետացման եղանակով:

- Բաքուն հայտարարել է, թե «Ադրբեջանի տարածքում ապօրինաբար տեղակայված Հայաստանի զինված ուժերը» վերջին շաբաթներին ուժեղացրել են ռազմաինժեներական աշխատանքները և այլ ռազմական գործունեությունը, ինչը «միջազգային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի պարտավորությունների լուրջ խախտում է»:  Բաքվում պարբերաբար նշում են, որ հարկավոր է ապառազմականացնել ԼՂ-ն։ Արդյոք Ադրբեջանը սրա հետ կապված կդիմի՞ ռազմական գործողությունների։ 

- Գործող հրադադարի ռեժիմը կարգավորող միակ փաստաթուղթը 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, որը արդեն մեկ անգամ չէ, որ խախտել են թե՛ Ադրբեջանը և թե՛ Ռուսաստանը: Երկուսն էլ այդ հայտարարությամբ ստացել են գրեթե ամենը, ինչ ցանկանում էին՝ Արցախի շուրջ 7 շրջաններից երեքի հանձնում Ադրբեջանին և ռուսական զորքերի մուտք Արցախ՝ խաղաղապահների անվան տակ: Այժմ նրանք փորձում են իրենց մեկնաբանությամբ վերաշարադրել այդ համաձայնագրի դրույթները, այդ թվում պահանջում են Հայաստանից գոյություն չունեցող զանգեզուրյան միջանցք և փորձում են ապալեգիտիմացնել Արցախի պաշտպանության բանակը՝ անվանելով այն Հայաստանի զինված ուժեր: Մինչդեռ հայտարարության մեջ նշված շփման գիծը հենց Ադրբեջանի և Արցախի զինված ուժերի միջև պատերազմը կանգնեցվելու պահին հաստատված գիծն է: Այնպես որ, Ադրբեջանի նոր ագրեսիայի սցենարը չի բացառվում: Հայտնի է, որ ցանկացած ամրոց երկարաժամկետ պաշարումից հետո ավելի թուլացած և խոցելի է դառնում: Չի բացառվում, որ Ադրբեջանը փորձի օգտվել Արցախի թուլացած վիճակից և հարձակվի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վրա: Ընդ որում, դա պարտադիր չէ, որ լինի լայնամասշտաբ հարձակում. դա կարող է լինել թիրախային ռմբակոծությունների՝ անօդաչուների և հրետանու կիրառմամբ, հիմնականում ռազմական թիրախների վրա: 

- Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝  Ադրբեջանը վարում է հայկական ծագումով Ղարաբաղի բնակիչների վերաինտեգրման քաղաքականություն՝ որպես իրավահավասար քաղաքացիներ, ապահովելով Ադրբեջանի Սահմանադրությամբ և մարդու իրավունքների բոլոր համապատասխան միջազգային մեխանիզմներով նախատեսված իրավունքներն ու ազատությունները, որոնց Ադրբեջանը մասնակցում է։  Ըստ ձեզ՝ արդյոք ԼՂ բնակչությունը կարո՞ղ է ինտեգրվել Ադրբեջանի կազմում, և ո՞ր դեպքում դա կարող է լինել։ 

- Բոլոր միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով՝ Freedom House, Human Rights Watch, Amnesty International, Transparency International, Ադրբեջանը շարունակում է մնալ երկրագնդի ամենահետադիմական բռնատիրություններից մեկը: Նման պայմաններում խոսել այն մասին, թե Ալիևի ռեժիմը ինչ-որ մեկի համար կարող է իրավունքներ և անվտանգություն ապահովել, անհեթեթ է: Այդ ռեժիմից անգամ սեփական քաղաքացիները՝ ադրբեջանցիներն են փախչում: Իսկ թե ինչ սահմանափակումների և հետապնդումների են ենթարկվում այնտեղի ազգային փոքրամասնությունները՝ թալիշները, լեզգինները, ուտիները և այլք՝ աշխարհին լավ է հայտնի: Այնպես որ, Արցախի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կարող է ապահովել միայն ՄԱԿ-ը՝ այդ երկրամասը իր ենթամանդատային տարածք հռչակելով և այնտեղ իր մանդատով միջազգային խաղաղարար ուժեր ուղարկելով: 

- Եթե ՀՀ-ն արդեն գրավոր ձևով ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ապա ի՞նչ պետք է այդ ժամանակ անեն ԼՂ իշխանություններն ու բնակչությունը։

- Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը խաղաղության պայմանագիր կկնքի Ադրբեջանի հետ և գրավոր կճանաչի վերջինիս տարածքային ամբողջականությունը միայն այն բանից հետո, երբ կա՛մ Ադրբեջանը և կամ էլ միջազգային հանրությունը Արցախի հայությանը որոշակի գործուն երաշխիքներ տրամադրեն, և պաշտոնական Բաքուն սկսի միջազգային ձևաչափի ներքո Արցախի իշխանությունների հետ հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:   

Դավիթ Լևոնյան