Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մտավախություն ընդհանրապես չկա․ հունիս ամսին իրանցի զբոսաշրջիկը մնացել է ՀՀ- ում միջինը 21 օր»․ Զբոսաշրջության կոմիտե

«Մտավախություն ընդհանրապես չկա․ հունիս ամսին իրանցի զբոսաշրջիկը մնացել է ՀՀ- ում միջինը 21 օր»․ Զբոսաշրջության կոմիտե
Հասարակություն
17:39, 15 июль 2021
Հայաստանում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք հուլիսի 15-ից COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել միայն տասը օր և ավելի տևողությամբ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու դեպքում: Պատվաստումը կկատարվի «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով, միայն շարժական պատվաստումային կետերում։

Այսուհետ զբոսաշրջիկները կարող են պատվաստվել շրջիկ կայաններում՝ օրական ոչ ավելի, քան 50 հոգի, շարժական պատվաստումային կետեր տեղակայված են ինչպես մարզերում` Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում, այնպես էլ Երևանում, մասնավորապես՝ Հյուսիսային պողոտայում, «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնում, «Մեգա մոլ» առևտրի կենտրոնում, «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում և «Կասկադ» համալիրում։

Civic.am-ը զրուցեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հետ՝ պարզելու՝ արդյոք այդ որոշումը բացասականորեն չի՞ ազդի զբոսաշրջության վրա։ «Այդ ամենը կարգավորման ձև է, մինչև հիմա չկարգավորված էր, գալիս էին 1 օրով պատվաստվում և գնում էին։ Իսկ մենք մտածում ենք երկրին օգուտ բերելու մասին, սա ձև է՝ նրանց ինչ որ չափով պարտադրելու, որ մնան Հայաստանում։ Մտավախություն ընդհանրապես չկա, որովհետև հունիս ամսին իրանցի զբոսաշրջիկը մնացել է ՀՀ-ում միջինը 21 օր»,-ի պատասխան ասաց Զբոսաշրջության կոմիտեի Մամուլի հետ կապերի պատասխանատու Գայանե Այվազյանը։ 

Հունիս ամսվա ընթացքում Իրանից ժամանած զբոսաշրջիկների թիվը եղել է ամենաբարձրը՝ մոտ 8․000 և ավելի մարդ։

Սիլվի Պետրոսյան