Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Իրանցիները մտահոգված են 10 օր Հայաստանում պարտադիր մնալու նոր որոշմամբ». Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակից

«Իրանցիները մտահոգված են 10 օր Հայաստանում պարտադիր մնալու նոր որոշմամբ». Իրանում ՀՀ դեսպանատան աշխատակից
Հայաստան
18:58, 12 июль 2021
Իրանում ՀՀ դեսպանատնից Civic.am-ին ներկայացրին իրանցիների տրամադրվածությունը՝ Հայաստանում անվճար պատվաստում ստանալու դեպքում  առնվազն 10 օր պարտադիր Հայաստանում գտնվելու պահանջի մասին։ Դեսպանատան աշխատակցի խոսքով՝ նոր սահմանափակումները կարող են Իրանի քաղաքացիների համար դժվարեցնել պատվաստման պրոցեսը. «Իրանցիների վերաբերմունքն  այս մասով արտահայտվում է ոչ պաշտոնական հարթակներում՝ սոց ցանցերում, որտեղ, չնայած մեծամասնությունը գոհունակություն է հայտնում Հայաստանին՝ մարդասիրական աջակցության համար, սակայն, մարդիկ անհանգստացած են՝ 10 օր պարտադիր Հայաստանում գտնվելու պայմանից, և տարբեր հարթակներում խնդրանքով դիմում են՝ այդ պայմանը չեղարկելու համար»:

Ինչպես գիտենք, Հայաստանում բոլոր զբոսաշրջիկները՝ առանց սահմանափակման կարող էին անվճար պատվաստվել, սակայն, հաշվի առնելով օր-օրի մեծացող հոսքը, արդեն որոշ սահմանափակումներ են դրվել։ Այսուհետ զբոսաշրջիկները պատվաստվել կարող են միայն շրջիկ կայաններում՝ օրական ոչ ավելի, քան 50 հոգի, իսկ օտարերկրյա քաղաքացիների համար անվճար պատվաստման համար դրվելու է Հայաստանում առնվազն 10 օր պարտադիր գտնվելու պահանջ։ Նրանք կարող են անվճար պատվաստվել միայն «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով։

Հիշեցնենք, որ «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ՝ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանում օտարերկրացիներին  անվճար պատվաստելու վերաբերյալ նշել էր, որ այս նպատակով Հայաստան ժամանած օտարերկրացիները անհամեմատ ավելի շատ գումար են ծախսում Հայաստանում և սա կարելի է դրական գնահատել՝ պատվաստումային զբոսաշրջության տեսանկյունից: Իսկ տնտեսագետ Սուրերն Պարսյանն էլ նշել էր, որ Հայաստանը 1 պատվաստանյութի համար վճարում է մոտավորապես 20-30 դոլար, իսկ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում, միջին օրական հաշվարկով ծախսում է 70-100 դոլար։

Իսկ հարցին, սահմանափակումները արդյոք կնվազեցնե՞ն՝ Հայաստան ժամանող իրանցի զբոսաշրջիկների թիվը, դեսպանատան աշխատակցը նշեց, որ այս պահին հանգստի սեզոն է, և կարծում է՝  մարդիկ հիմնականում համադրում են՝ հանգիստն ու պատվաստման համար Հայաստան գալը:

Սյուզի Սիրականյան