Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինություն գործած կառուցապատողն անմիջապես բողոքարկել էր քաղաքապետի որոշումը դատարանում. Հակոբ Կարապետյան

Ապօրինություն գործած կառուցապատողն անմիջապես բողոքարկել էր քաղաքապետի որոշումը դատարանում. Հակոբ Կարապետյան
Հասարակություն
16:42, 17 июль 2021
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ուրեմն, ինչ-որ մեկը վերջերս Աջափնյակում, հանրային տրանսպորտի կանգառի վրա ինքնակամ կառույց էր շինել: Քաղաքապետը որոշում էր կայացրել՝ քանդելու կառույցը: Ապօրինություն գործած կառուցապատողն անմիջապես բողոքարկել էր քաղաքապետի որոշումը դատարանում, իսկ դատարանը, ի դեմս դատավոր Գևորգ Սոսյանի, անմիջապես հաջորդ օրը վարույթ էր ընդունել գործը և նույն օրը, որպես հայցի ապահովման միջոց, փաստացի արգելել էր քաղաքապետարանին քանդել ապօրինի կառույցը:

Քաղաքապետարանը, այնուհետև, միջնորդել էր վերացնել հայցի ապահովման միջոցը, այսինքն, թույլ տալ քանդել: Քաղաքապետարանի միջնորդությունը դատարանը քննել է, ուշադրություն, 15 օր հետո և դեռ որոշում չի հրապարակել, համենայնդեպս, մենք դրա մասին տեղեկացված չենք:

Այսպիսով, մի դեպքում կայծակնային արագությամբ գործը վարույթ են ընդունում ու արգելք դնում քանդման որոշման վրա, մյուս դեպքում՝ շաբաթներով ձգում են: Հետեւությունները թողնում եմ ձեզ:

Ի դեպ, լրագրողները կարող են հետաքննություն անել ու պարզել, թե ովքեր են Աջափնյակում համակարգված ապօրինի կառուցապատման «քավորները», ի՞նչ երբեմնի կարկառուն պաշտոնավորներ ու կիսաքրեական տարրեր են կանգած նրանց հետևում»,-նշել է նա: