Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում․ Վլադիմիր Կարապետյանը կրկին հերքման պահանջ է ներկայացրել

Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում․ Վլադիմիր Կարապետյանը կրկին հերքման պահանջ է ներկայացրել
Հասարակություն
13:39, 19 июль 2021
Լրագրող Նաիրի Հոխիկյանի կողմից օրեր առաջ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում արված հայտարարությունները, որոնք վերաբերում են արցախյան 44-օրյա պատերազմին՝ քննվում են ՀՔԾ-ում և ԱԱԾ-ում հարուցված քրեական գործերի շրջանակներում։ Այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Նաիրի Հոխիկյանի հրապարակած ձայնագրության հիմնական մասն ուղարկվել է ՀՔԾ՝ այնտեղ քննվող ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում քննության առարկա դարձնելու համար։ Այդ գործի շրջանակում է քննվում նաև հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի վերաբերյալ արած հայտարությունները»,-ասաց Գոռ Աբրահամյանը։ 

Հիշեցնենք՝ Նաիրի Հոխիկյանն անդրադարձել էր 2019 թ. «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» ֆորումի ժամանակ իր և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցին, ինչպես նաև այն ժամանակ վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի ու լրագրող Ալեքսանդր Լապշինի խոսակցությանը՝ Ղարաբաղի հարցի շուրջ․«Վովան (Վլադիմիր Կարապետյանը) ինձ ասաց, որ դու շատ ես Ադրբեջանի դեմ խոսում, Ադրբեջանի դեմ միջազգային դատարան ես դիմել և այլն, բայց իմացիր, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ գնալու ենք բարեկամության ճանապարհով, և մեր օրիենտացիան փոխում ենք: Ես հարցնում եմ՝ ո՞նց եք գնալու այդ ճանապարհով, չէ՞ որ նրանք Ղարաբաղն են ուզում, իսկ առանց Ղարաբաղը տալու չեք կարող գնալ էդ ճանապարհով: Վլ. Կարապետյանն ինձ ասաց՝ իսկ ո՞վ է ասում, որ չենք տալու: Հարցնում եմ՝ բայց ո՞նց եք տալու. բանակը չի տա, ժողովուրդը չի տա: Ասում է՝ ժողովուրդը մի քանի հազար զոհ, որ տա՝ լավ էլ կտա»,- ասել է Նաիրի Հոխիկյանը՝ նշելով, որ այս մասին իրեն պատմել է Լապշինը։

Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունում խոսել է նաև Շուշիի գրավումից․«Պատերազմի ժամանակ Լապշինն ինձ ասաց, որ դուք պատերազմը կկանգնեցնեք էն պահին, երբ Շուշին թուրքերը գրավեն: Դա հոկտեմբերի սկիզբն էր: Ասացի՝ ի՞նչ ես ասում: Ասաց՝ դուք պայմանավորվել եք արդեն, ձեր կառավարությունները պայմանավորվել են արդեն Շուշին տալ, ձեր զորքը չի ենթարկվում պայմանավորվածությանը, երբ զորքը ենթարկվեց, երբ զորքը տվեց Շուշին՝ պատերազմը կկանգնի»:

Գլխավոր դատախազի խորհրդականը տեղեկացրեց, որ Շուշիի հետ կապված Հոխիկյանի դիտարկումներն ուղարկվել է ԱԱԾ՝ այնտեղ քննվող քրեական գործի շրջանակներում ուսումնասիրելու համար․ «ԱԱԾ-ում քննվում է բավականին մեծ քրեական գործ՝ կապված Արցախյան պատերազմի ժամանակ հարավային ուղղությամբ թշնամու առաջխաղացման՝ Շուշիի մատույցներ հասնելու և ներսում կատարված գործողությունների վերաբերյալ»։

Ինչ վերաբերում է Նաիրի Հոխիկյանի կողմից երեկ՝ հուլիսի 18-ին հրապարակած տեսանյութին, որտեղ Հոխիկյանը ներկայացնում է մեսենջեր հավելվածով իր և Լապշինի զրույցը արցախյան պատերազմի վերաբերյալ՝ Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ այդ տեսանյութը դեռ ուսումնասիրվում է։ 

Հիշեցնենք, որ հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ֆեյսբուքի իր էջում հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրած խոսքերը՝ ասելով․ «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը․․․»: 

Վարչապետի նախկին խոսնակ, ներկայումս Ուկրաինայի դեսպան Վլադիմիր Կարապետյանը ևս հերքել էր Նաիրի Հոխիկյանի կողմից իրեն վերագրված հայտարարությունը։ Հոխիկյանը հրապարակել էր Վլադիմիր Կարապետյանի խոսքը իր ՖԲ էջում և նշել էր, որ Կարապետյանի կողմից հերքման պահանջ չի եղել, պարզապես Կարապետյանն իրեն խնդրել է հրապարակել, որ ինքը նման բան չի ասել Լապշինին։ 

Սակայն այսօր Վլադիմիր Կարապետյանը մեզ հետ զրույցում կրկին ընդգծեց, որ ինքը հստակ հերքման պահանջ է ներկայացրել Նաիրի Հոխիկյանին․ «Նաիրի Հոխիկյանի գրառումը բավարար չէ։ Նրա կողմից իմ խոսքը հրապարակելուց հետո, ես նորից եմ զրուցել իր հետ և պահանջել եմ, որ նա հերքի՝ ասի, որ դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև ինքը որևէ ապացույց չունի։ Այն ինչ-որ ինձ է վերաբերում՝ դա չի համապատասխանում իրականությանը։ Ես սպասում եմ, որ ինքը, որպես լրագրող հավատարիմ կմնա պարկեշտ լրագրության կանոնին և կհերքի այն սուտ տեղեկությունները, որոնք ինձ է փորձում վերագրել»։ 

Հարցին՝ Դուք վստա՞հ եք, որ Լապշինը ոչինչ չի ասել Հոխկիյանին Ձեր անունից՝ Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց․ «Ո՞նց կարող է Լապշինը մի բան ասի, որ ես իրեն չեմ ասել։ Ինձ նաև ասեցին, որ Հոխիկյանը վիդեո է դրել, որտեղ բնականաբար նման բան չկա»։  

Civic.am-ը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանից հետաքրքրվել է, թե արդյոք Փաշինյանը չի՞ պատրաստվում դատի տալ Նաիրի Հոխկիյանին՝ իրեն պետական դավաճանության մեջ մեղադրող հայտարարություններ անելու համար, սակայն Գևորգյանը դեռ չի պատասխանել մեր հարցին։ 
 
Նարա Մարտիրոսյան