Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դատախազությունը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարությունների մասին

Դատախազությունը՝ Նաիրի Հոխիկյանի հայտարարությունների մասին
Իրավունք
15:10, 16 июль 2021
«Նաիրի Հոխիկյանի ելույթի հետ կապված հրապարկումները մենք ֆիքսել ենք եւ այս պահին դատախազությունն ուսումնասիրում է, թե հետագայում ինչ ընթացք կտրվի դրան՝ կտեղեկացնենք», - այս մասին Civic.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, անդրադառնալով լրագրող Նաիրի Հոխիկյանի՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ արված հայտարարություններին։

Աբրահամյանը հավելեց, որ Հոխիկյանի հայտարարության շրջանակներում ուսումնասիրության առարկա է նաեւ ռուս բլոգեր Ալեսքանդր Լապշինի հայտարարությունը։ 

Հիշեցնենք, որ Նաիրի Հոխիկյանը անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և իբր ցնցող փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, բերդաքաղաք Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինին, նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր, վերջինս առանձնազրույց ունենալով Լապշինի հետ ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել Արցախյան կոնֆլիկտը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանա, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել է․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա՝ լավ էլ կտա»։

Իսկ Ալեքսանդր Լապշինը անդրադառնալով Հոխիկյանի հայտարարություններին՝ այսօր հայտարարել էր, որ ինքը երբեք չի լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին։ «Ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ այս խոսակցություններն ինձ հետ չեն անցկացվել: Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին, և ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեցնեմ քննադատել Ադրբեջանին, ապա պետք է այլևս չգամ Հայաստան: Ընդհակառակը, ինչպես վերը ասացի, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ դիմել նրան, եթե նա ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել: Եվ, անկեղծ ասած, ո՞վ եմ ես, որ պետության ղեկավարը ճանապարհորդական բլոգերի հետ քննարկի «հազարավոր սպանված հայերի», - հայտարարել է բլոգերը։