Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2022թ. վերջին, ի՞նչ գույք են գնել ու վաճառել օտարերկրացիները. Վիճակագրական կոմիտեն ամփոփել է տվյալները

Որքա՞ն է հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2022թ. վերջին, ի՞նչ գույք են գնել ու վաճառել օտարերկրացիները. Վիճակագրական կոմիտեն ամփոփել է տվյալները
Հասարակություն
16:08, 09 октябрь 2023
Ըստ Կադաստրի կոմիտեից, ՀՀ համայնքներից, համատիրություններից, լիազորագրային ու հավատարմագրային կառավարիչներից և այլ իրավաբանական անձանցից ստացված հաշվետվությունների ամփոփ տվյալների՝ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2022թ. վերջին կազմել է 105.7 մլն քառ. մ, այդ թվում քաղաքներում՝ 59.8 մլն քառ. մ (56.6%), գյուղերում՝ 45.9 մլն քառ. մ (43.4%):  Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած ՀՀ բնակարանային ֆոնդը և կոմունալ տնտեսությունը 2022թ. տեղեկագրից։  

Բազմաբնակարան շենքերի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը 2022թ. վերջին կազմել է 30 157.3 հազ. քառ. մ կամ հանրապետության բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսի 28.5%-ը: Բազմաբնակարան շենքերի քանակը կազմել է 19 339 միավոր, բնակարանների քանակը՝ 460 803 միավոր:

Մասնավորապես Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների ֆոնդը ունի հետևյալ պատկերը՝  բնակարանների քանակը 250  872 է, ընդհանուր մակերեսը՝ 17 122 395 քառ. մ, բնակելի տների  քանակը 64 843 է, ընդհանուր մակերեսը՝  12 785 283 քառ. մ։ 

Վիճակագրական կոմիտեն ամփոփել է նաև 2022թ. hանրապետությունում անշարժ գույքի շուկայի վերլուծության տվյալները։ Ըստ այդմ՝ հաշվետու տարում իրականացվել է  անշարժ գույքի նկատմամբ  204 910 իրավունքների պետական գրանցման գործարք: 2022թ. hանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել են 78 187 օտարման, անշարժ գույքի նկատմամբ 10 638 վարձակալության, անշարժ գույքի նկատմամբ 26 955 գրավադրման գործարքներ:

Օտարերկրյա քաղաքացիների կողմից գնված և վաճառված անշարժ գույքի առուվաճառքի գործարքներն ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 2022թ. ունի հետևյալ պատկերը. ընդհանուր առմամբ գնվել է  1 950 գույք, վաճառվել՝  3 173։ Օտարերկրացիների կողմից գնված և վաճառված գույքերի քանակով առաջին տեղում մայրաքաղաք Երևանն է՝ գնվել է 1 164, վաճառվել 1 114 գույք։ Մարզերից ամենամեծ թվով գույքը գնվել  և վաճառվել է Կոտայքի մարզում։ Ըստ այդմ՝  գնվել է 267, վաճառվել՝  421 գույք։ Մյուս մարզերում էլ պատկերն այսպիսին է. մասնավորապես Արագածոտնում գնվել է  55, վաճառվել՝  139, Արարատում գնվել է  74, վաճառվել՝ 387, Արմավիրում 103 գույք գնվել է,  290-ը՝ վաճառվել, Սյունիքում գնվել է 19, վաճառվել՝  75 գույք։  

Օտարերկրացիների կողմից գնված-վաճառված գույքերի մեջ ամենամեծ թիվը կազմել են բազմաբնակարան շենքի բնակարանները՝ գնվել է  991, վաճառվել՝ 1 290 բնակարան։ Երկրորդ տեղում հողն է. գնվել է 369, վաճառվել՝ 990։ 

Հ. Մ.