Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սեփական հյուրանոցների դռները արցախցիների համար փակած Քոչարյանի «5-րդ ալիքի» մանիպուլյացիաների տարափը՝ բռնի տեղահանված արցախցիներին ՀՀ կառավարության աջակցության վերաբերյալ

Սեփական հյուրանոցների դռները արցախցիների համար փակած Քոչարյանի «5-րդ ալիքի» մանիպուլյացիաների տարափը՝ բռնի տեղահանված արցախցիներին ՀՀ կառավարության աջակցության վերաբերյալ
Հասարակություն
20:18, 20 октябрь 2023
«5-րդ ալիքի» «Հայլուր» հաղորդման հոկտեմբերի 19-ի գլխավոր՝ 20:30-ի թողարկման ժամանակ անդրադարձ է կատարվել բռնի տեղահանված արցախցիներին կառավարության աջակցությունը: «5-րդ ալիքը», սակայն, մոլորեցնող, թերի տեղեկատվություն է հաղորդել։

Այսպես, հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվում կառավարության հոկտեմբերի 19-ի նիստում ընդունված որոշմանը՝ ԼՂ բռնի տեղահանված անձանց 40 000 դրամ՝ ժամանակավոր կացարաններում բնակվելու ու 10 000 դրամ՝ կոմունալների վճարման համար։ Այդ որոշումով պետական բյուջեից հատկացվեց գումար հոկտեմբերին անհրաժեշտ վճարումները սկսելու համար։

Արցախցիներին տրամադրվող կառավարության աջակցություններին վերաբերող ռեպորտաժում լրագրողը պնդում է անում, որ Հայաստանի կառավարությունն արցախցիներին ամբողջությամբ դեռ չի հատկացրել առաջին փոխհատուցումը՝ մեկ անձին մեկ անգամ տրվող 100 000 դրամը։

Լրագրողը, ռեպորտաժում ներկայացնելով ամենատարբեր թվեր, չի նշում, որ Արցախից տեղահանված ավելի քան 80 000 անձի արդեն իսկ վճարվել է 100 000 դրամը, որի մասին մի քանի անգամ հայտարարվել է կառավարության նիստում։

Ըստ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տրամադրած տվյալների՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ հաշվառվել է Արցախից բռնի տեղափոխված 101 848 անձ։

Կառավարությունը հոկտեմբերի 19-ի դրությամբ 78 տոկոսին արդեն իսկ վճարել էր միանվագ աջակցությունը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը #CivilNetCheck-ի հետ զրույցում հայտնեց, որ 100 000 միանվագ աջակցության վճարումները կատարվում են ամենշաբաթյա կտրվածքով՝ ուրբաթ օրերին։

Նախորդ ուրբաթ՝ հոկտեմբերի 13-ին, օրինակ, 29 078 (14 593 երեխաներ) անձի էր 100 000 միանվագ աջակցությունը փոխանցվել, իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 20-ին, ևս 15 000 անձի փոխանցվել է։ Այսինքն՝ հաշվառվածների 93 տոկոսն արդեն իսկ ստացել է աջակցությունը։ Մյուսներն էլ արդեն կստանան մյուս ուրբաթ օրը։

Մանուչարյանը նաև նշեց, որ միանվագ աջակցությունը ստանալու որևէ հավելյալ փաստաթուղթ ներկայացնելու անհրաժեշտություն չկա․ քաղաքացիները պետք է հաշվառված լինեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում և ունենան բանկային քարտ ու հաշիվ։

Ինչու է ցանկալի է անկանխիկ տալ աջակցությունը
Ռեպորտաժում այնուհետև անդրադարձ է կատարվում կառավարության նիստում ծավալված խոսակցությանը՝ աջակցությունը միայն անկանխիկ եղանակով փոխանցելու անհրաժեշտության մասին։

«5-րդ ալիքի» լրագրողն ասում է՝ Նիկոլ Փաշինյանն ուզում է, որ բոլոր արցախցիների փոխհատուցումները քարտին արվեն, այնուհետև վարչապետի խոսքն է մեջբերվում ռեպորտաժում․ «Պոտենցիալ ստացվում է, որ մենք այդ մարդկանց զրկում ենք հետվճարի համակարգից օգտվելուց»։

Կառավարության նիստում իսկապես ներկայացվել է, որ 75 + տարիքի և առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող 2 600 անձի աջակցությունը տրամադրվել է կանխիկ՝ «Հայփոստի» փոստատարի միջոցով։ Մինչդեռ Փաշինյանն աջակցությունը անկանխիկ տրամադրելու համար այլ փաստարկներ է բերել․ «Թափանցիկության խնդիր կա։ Մենք պետք է համոզվենք, որ մեր տրամադրած, հատկացրած ամեն լուման հասել է ճիշտ հասցեատիրոջը։ Եթե մարդը ֆիզիկական և այլ սահմանափակումներ ունի, իսկ որտեղի՞ց երաշխիքը, որ այդ ամբողջ գումարը հասնում է նրան։ Մենք բանկային քարտ պետք է իր համար թողարկենք։ Մենք փողը փոխանցեցինք, գումարն իր մոտ է և իր տիրապետության տակ է»,- նշել է Փաշինյանը։

Իսկ լրագրողի մեջբերած հատվածը վերաբերում է ոչ թե ԼՂ բռնի տեղահանվածներին, այլ ՀՀ կենսաթոշակառուներին, որոնք դեռևս թոշակը ստանում են կանխիկ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում