Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՌԴ սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին. Երևանի առաջարկի հետքերով» թեմայով քննարկում․ տեսանյութ

Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ սահմանին վերջին շրջանում աճող լարվածությունը թուլացնելու նպատակով դիտարկում են հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը: Այդ մասին կառավարության հուլիսի 29-ի նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ դա հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի:
Փաշինյանի հայտարարությունը մեծ արձագանք է ստացել հանրության շրջանում: Մի մասի համար սա անհրաժեշտ ու անգամ ուշացած քայլ է, որն ուղղված է սահմանին իրավիճակի կայունացմանը: Մյուսները կարծում են, որ Երևանը սահմանի հսկողությունը փոխանցելով ՌԴ սահմանապահներին՝ հերթական զիջումն է կատարում իր ինքնիշխանության հաշվին: Հարկ է նշել, որ հայ-թուրքական սահմանը ևս հսկում են ՌԴ սահմանապահները:

Միևնույն ժամանակ, հրադադարի խախտման հարցում Ադրբեջանի և Հայաստանի փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հնարավոր լուծումներից մեկը պաշտոական Երևանը դիտարկում է ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: ՀԱՊԿ-ի շրջանակներում նման առաքելություն իրականացնելու անհնարինության պայմաններում հայկական կողմի համար ընդունելի են նաև միջազգային այլ ձևաչափեր, ներառյալ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը:
Հայ-ադրբեջանական սահմանին ՌԴ սահմանապահների ու ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայման պաշտոնական Երևանի առաջարկին կանդրադառնանք հուլիսի 30-ին, ժամը՝ 13:30-ին, ՏԵՍԱԿԱՊԻ միջոցով «Հոդված 3» ակումբի կազմակերպած «ՌԴ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԸ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻՆ. ԵՐԵՎԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՏՔԵՐՈՎ» թեմայով քննարկման ժամանակ:
Բանախոսներն են.

ԲՈՐԻՍ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Երևանի մամուլի ակումբի նախագահ

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎ, ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն

ԿԻՐԻԼ ԿՐԻՎՈՇԵՎ, «Քարնեգի» կենտրոնի փորձագետ, «Կոմերսանտ»-ի թղթակից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ քննարկումը ռուսերեն է