Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայրենիքը պետությունն է. սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ». վարչապետն առաջարկում է այս ձևակերպումը՝ որպես պետական հայեցակարգային ուղենիշ

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր քննարկվում է 2024 թ. պետական բյուջեն: Քննարկմանը ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այս քննարկումը նույնպես, նախորդ տարիների նման, տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում։ Մեզ համար սա նոր չէ, և վերջին երեք տարիներին՝ իհարկե տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկում գալիք տարվա բյուջեի նախագիծը։ Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը, միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է  փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա։ Մենք ապրում ենք սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Նա նշեց, որ այս իրավիճակը ՀՀ-ի համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ, բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար։ Վարչապետը կարևոր է համարում ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակը ինքնահայեցումն է՝ 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը։

«Ի՞նչ է  մեզ համար անկախությունը, ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը, ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը, և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ։ Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է։ Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելը առանցքային է՝ փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար։ Սա իհարկե կառավարության և անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է, և իմ վարչապետության հանրային երջանկություններով և ողբերգություններով լեցուն հնգամյա փորձը ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել՝ որպես պետական հայեցակարգային ուղենիշ։ Այդ ուղենիշը հետևյալն է՝  «Հայրենիքը պետությունն է. սիրում ես հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»»,- ասաց վարչապետը։
 
Մանրամասները՝ տեսանյութում