Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գտեք այդ տեղերը հստակ, որտեղ մենք կնախագծենք ու կկառուցենք այդ շների զբոսայգին. Մեկ շաբաթից կզեկուցեք ամբողջը. Ավինյան

Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչությունը բոլոր 12 վարչական շրջաններից ստացել է շների համար զբոսայգիների հատվածներում տեղեր առանձնացնելու վերաբերյալ պատասխանները. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ Կենտրոն վարչական շրջանում նախատեսում են Օղակաձև  զբոսայգում կառուցել շների համար առանձնացված հատված, նախագծանախահաշվային փաթեթն արդեն պատրաստ է։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ Օղակաձև զբոսայգում արդեն մեկ հատ կա, ենթադրվում է  մեկ այլ հատվածո՞ւմ։
«5-րդ օղակաձև հատվածում մեկ հատ ունենք, ինչքանո՞վ է  ճիշտ էլի Օղակաձև այգում...»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

Տիգրան Ավինյանն արձագանքեց. «Ձեզանից է պատասխանը գնացել, պարոն Ղուկասյան։ Հիմա պարոն Գրիգորյանն ինքն իրենից հո չի՞ ասում՝ Օղակաձև այգի։ Մի հատ ձեզ մոտ հասկացեք՝ որտեղ եք կառուցում»։

Գրիգորյանը նաև ասաց,  որ հստակ նշված չէ, թե Օղակաձև այգու որ հատվածում է նախատեսվում կառուցել այդ առանձնացված հատվածը։ Սամվել Ղուկասյանը մեկ շաբաթ ժամանակ խնդրեց շտկումներ անելու համար։ 

«Ժողովուրդ ջան, արդեն 4-5 ամիս է՝ ժամանակը տրվում է, ոնց որ արդեն փչացած հեռախոս եմ դառնում, էլի, այս հանձնարարականի մասով։ Գնացեք, գտեք այդ տեղերը հստակ, որտեղ մենք կնախագծենք ու  կկառուցենք այդ շների զբոսայգին։ Մեկ շաբաթից կզեկուցեք ամբողջը»,- ասաց Ավինյանը։