Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օղակաձև զբոսայգում ունենք մի քանի նախագիծ. կառուցվելու է ամբողջությամբ նոր այգի և շատրվանային համալիրներ. Խորեն Գրիգորյան

Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը հայտնել էր, որ Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում   ապամոնտաժվել են «Ջոսե գարդեն» և նախկին «Հին Հռոմ» սրճարանները։
 
Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանը Civic.am-ի հետ զրույցում ասաց, որ   Օղակաձև զբոսայգու 6 հատվածներում նախատեսված են վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ. «5-րդ հատվածում տեղի ունեցող ապամոնտաժումները դրանք ժամկետանց պայմանագրեր ունեցող օբյեկտների հետ էր կապված»։ 

Գրիգորյանը հայտնեց, որ այս պահին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շրջակայքում ընթանում են շինարարական աշխատանքներ, որտեղ լինելու է մեծ շատրվանային համալիր. «Մեր քաղաքականությունը ուղղված է երկու կոմպոնենտներով, առաջինը քաղաքի հովացման համակարգի վրա ենք աշխատում։ Քաղաքը ասֆալտից և փոշուց ազատելու լավագույն միջոցը ջրի և անտառպուրակների առկայությունն է։ Դրա համար մի կողմից մենք շատրվանային համալիրներ ենք կառուցում, մյուս կողմից անտառպուրակների քանակն ենք ավելացնում Երևանում»։
 
Այպիսով՝ այս տարի Օղակաձև զբոսայգու 2-րդ և 6-րդ հատվածները կբարեկարգվեն, իսկ 4-րդ հատվածը, որը ամբողջովին նոր այգի է լինելու՝ պատրաստ կլինի հաջորդ տարի։
 
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ միջոցներով են իրականացվում այգու բարեկարգման աշխատանքները, Խորեն Գրիգորյանը պատասխանեց․ «6-րդ հատվածի այգու բարեկարգման աշխատանքները Կառավարության աջակցության ծրագրերից է, 2-րդի վերանորոգումը քաղաքապետարանի բյուջեով է իրականացվելու, իսկ 4-րդի համար դեռևս նախագիծ չունենք՝ գումարային ծավալի մասին չեմ կարող խոսել»։
 
Գեղամ Ադյան