Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարեհ Սինանյանը մեկ շաբաթով կգործուղվի Լոնդոն․ Այցի ժամանակ նախատեսված են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ

Զարեհ Սինանյանը մեկ շաբաթով կգործուղվի Լոնդոն․ Այցի ժամանակ նախատեսված են հանդիպումներ հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ
Հասարակություն
14:38, 28 ноябрь 2023
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանն ու սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության ներուժի ներգրավման բաժնի պետ Ամալյա Կարապետյանը 2023 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 4-ը ներառյալ կգործուղվեն Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն (Լոնդոն)՝ «Համեմատական սփյուռք» միջազգային աշխատաժողովին (International Comparative Diaspora Workshop) մասնակցելու։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ ՀՀ կառավարության կայքից։ Այցի ժամանակ նախատեսված են նաեւ հանդիպումներ հայկական համայնքային կառույցների, պետական մարմինների ներկայացուցիչների, գործարար շրջանակների, մշակութային գործիչների հետ։ 

Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. հունվարի 20-ին: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի` Միացյալ Թագավորություն պաշտոնական այցի շրջանակներում այս տարվա նոյեմբերի 13-ին տեղի ունեցավ  Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության նոր շենքի պաշտոնական բացման արարողությունը, որին, ի թիվս այլ հյուրերի, ներկա էր նաեւ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ, գերաշնորհ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Նշենք, որ երկրում  առաջին հայ համայնքները ստեղծվել են 19-րդ դարի 30-ական թթ., որից հետո հայերի թիվն ավելացել է Հայոց ցեղասպանությունից փրկվածներով, Իրանից, Կովկասից, Հնդկաստանից գաղթածներով, ինչպես նաև ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի Հանրապետությունից տեղափոխվածներով՝ ներկայում կազմելով շուրջ 30000 մարդ: Մեծ Բրիտանիայում գործում է  Հայ դատի հանձնախումբը։