Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս պայծառ օրվա համար պարտական ենք մեր տղաներին․ Արբաթ գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացումը. լուսանկարներ

Այս պայծառ օրվա համար պարտական ենք մեր տղաներին․ Արբաթ գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացումը. լուսանկարներ
Հասարակություն
16:29, 11 декабрь 2023
Դեկտեմբերի 10-ին Արարատի մարզի Արբաթ գյուղում տեղի ունեցավ արցախյան պատերազմների նահատակների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացումը։ Հուշահամալիրը նվիրված է Վալերի Հակոբյանին, Պավել Երիցյանին, Ժորա Չոբանյանին, Հովիկ Զաքարյանին, Աղասի Գրիգորյանին, Ֆուրման Սաֆարյանին, Դավիթ Հարությունյանին, Բենիկ Քոչարյանին և Ռուբեն Չաթալյանին։ Բացմանը ներկա էին զոհվածների ընտանիքների անդամները, տեղի բնակիչները, համայնքի ներկայացուցիչներ։

Իրենց սրտի խոսքը հայտնեցին Ֆուրման Սաֆարյանի դուստրն ու Ռուբեն Չաթալյանի եղբայրը։ Արբաթ բնակավայրի նախկին վարչական ղեկավար Արամ Մելտոնյանն իր շնորհակալական խոսքում նշեց, որ հուշահամալիրը կառուցվել է տեղի բնակիչների, Սարգսյան եղբայրների և նրանց անձնական կապերի շնորհիվ։ 

Մեզ հետ զրույցում Հովիկ Զաքարյանի անվան միջնակարգ դպրոցի նախկին տնօրեն Արուսյակ Ստեփանյանը պատմեց, որ  բոլորն էլ իր աշակերտներն են եղել, և ինչպես բոլոր երեխաները, այնպես էլ նրանք, եղել են չարաճճի, աղմկարար, բայց և ողջամիտ, խելացի, հարգանքով։ «Ահավասիկ այսօրվա պայծառ օրվա համար մենք պարտական ենք մեր երեխեքին։ Հատիկ-հատիկ մերն են։
Հուշահամալիրն այնպիսի տեղ ենք տեղադրել, որ ամեն օր տեսնենք, հիշենք ու հպարտանանք։ Մեր թիկունքում 1941-45թթ. զոհված արբաթցիների հուշարձանն է, իսկ մեր վաղամեռիկներին տվել ենք նրանց հայացքի  տակ, որ լավ նայեն, և չավելանան»։

Ալվինա Բադալյանը, ով հերոս Պավել Երիցյանի այրին է և նույն դպրոցի անգլերենի նախկին ուսուցչուհին, պատմեց, թե ինչպես են ինքն ու ամուսինը Սումգայիթի ջարդերից հետո որոշել ընտանիքով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ, որպեսզի օգտակար լինեն բնակիչներին։ «Ստեփանակերտից ուղարկեցին Առաքյուլ։ Ես աշխատում էի դպրոցում, ինքը սահմանների վրա էր, շատ լավ էր, ժողովուրդը արտակարգ բարի, հոգատար, աշխատասեր էր։ Կուզեմ ասել, որ երբեք չլքեն մեր երկիրը, չհամարեն հիվանդ, վիրավոր ծնող։ Օտարը մնում է օտար»,- ասաց տիկին Բադալյանը։ 

Աննա Դեինյան