Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ մշտական բնակչության 97,5 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու դավանորդ է, 2,5 տոկոսն էլ այլ դավանանք ունի. Վիճկոմիտեի տվյալները

ՀՀ մշտական բնակչության 97,5 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու դավանորդ է, 2,5 տոկոսն էլ այլ դավանանք ունի. Վիճկոմիտեի տվյալները
Հասարակություն
12:54, 09 январь 2024
ՀՀ մշտական բնակչության 97,5 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու դավանորդ է։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած 2022 թվականի մարդահամարի արդյունքների վերաբերյալ ամփոփ տվյալների՝  «Մշտական բնակչության կրոնական դավանանքը» տեղեկանքից։ ՀՀ մշտական բնակչության 2,5 տոկոսը այլ կրոնական դավանանք ունի։ Մասնավորապես՝ կաթոլիկ-0,6 տոկոս, ավետարանական-0,6 տոկոս, շարֆադինական-0,5 տոկոս, Եհովայի վկա-0,2 տոկոս, ուղղափառ-0,2 տոկոս, 0,4 տոկոսն էլ այլ կրոնական դավանանք ունի։

Հայ Եկեղեցին հին Արևելյան Ուղղափառ հինգ եկեղեցիներից մեկն է` հիմնադրված առաջին դարում Հիսուս Քրիստոսի երկու առաքյալների` Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից: Հայ Առաքելական, Ղպտի Ուղղափառ, Ասորի Ուղղափառ, Հնդիկ Մալանկարա և Եթովպական Եկեղեցիներն ունեն նույն դավանաբանությունը և համարվում են քույր Եկեղեցիներ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի բազմաթիվ երկրներում ունի եկեղեցական կառույցներ ու թեմեր, հստակ կառուցվածք: 

Հայ Առաքելական Եկեղեցին ունի վարչական հետևյալ կառուցվածքը.
ա. Կաթողիկոսություն Ամենայն հայոց (Սուրբ Էջմիածին),
բ. Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (Անթիլիաս, Լիբանան),
գ. Երուսաղեմի հայոց պատրիարքություն,
դ. Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն,
ե. Թեմական առաջնորդություններ և հայրապետական պատվիրակություններ,
զ. Վանական միաբանություններ,
 է. Համայնքային (ծխական) հովվություններ: