Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2023-ին նախորդ տարվա համեմատ ծնվել է ավելի շատ մարդ, մահացությունը նվազել է. 2023-ին նորագոյացություններից ավելի քիչ մարդ է մահացել

2023-ին նախորդ տարվա համեմատ ծնվել է ավելի շատ մարդ, մահացությունը նվազել է.  2023-ին նորագոյացություններից ավելի քիչ մարդ է մահացել
Հասարակություն
18:36, 10 январь 2024

Վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2023թ. հունվար-նոյեմբեր ամիսների կտրվածքով  հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ Այսօր հրապարակված (https://armstat.am/file/article/sv_11_23a_510.pdf)  տվյալներից civic.am-ը տեղեկացավ, որ 2023թ. hունվար-նոյեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 149.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 135.4%-ի համեմատ (նախնական):  Նախորդ տարվա 11 ամիսների ընթացքում ՀՀ-ում ծնվել է 33 հազար 262 մարդ, մահացել՝ 22 հազար 184 մարդ, բնական հավելաճը կազմել է 11 հազար 78 մարդ։ 2022-ին բնական հավելաճը կազմել էր 8 հազար 676 մարդ։ 

Նկատենք, որ նախորդ՝ 2022 թվականի համեմատ ծնունդներն ավելի շատ են՝ 2022-ի նույն ժամանակահատվածում ծնվել է 33 հազար 199 մարդ, մահերի թիվը՝ պակաս. 2022-ի 11 ամիսների ընթացքում մահացել  է 24 հազար 523 մարդ։ 

Մահացության հիմնական պատճառները 2023-ի հունվար-նոյեմբերին եղել են արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, նորագոյացությունները, շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդությունները, էնդոկրին համակարգի, սննդակարգի շեղումների, նյութափոխանակության խանգարումների և իմունիտետի բացակայության հիվանդությունները, վարակիչ և մակաբուծային հիվանդությունները, հիվանդացության և մահացության արտաքին պատճառները։ Մասնավորապես «Կովիդ»-ից 2023-ի հունվար-նոյեմբերին մահացել է 43 մարդ, իսկ 2022 թ. նույն ժամանակաշրջանում՝ 803 մարդ։ 2022-ի համեմատ 2023-ին նվազել են մասնավորապես նորագոյացություններից մահացության դեպքերը՝ 4 664 դեպք՝ 2022-ին արձանագրված  4 692 դեպքի դիմաց։ 

2022-ի համեմատ 2023-ին նվազել է ամուսնությունների թիվը, աճել՝    ամուսնալուծությունների թիվը՝ 15 հազար 51 ամուսնություն՝ 4 հազար 165 ամուսնալուծության դիմաց. 2022-ի հունվար-նոյեմբերին արձանագրվել էր 15 հազար 508 ամուսնություն՝ 4 հազար 115 ամուսնալուծության դիմաց։

Հ. Մ.