Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում այս տարվա հունվար-սեպտեմբերին մշտական բնակչության թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է

ՀՀ-ում այս տարվա հունվար-սեպտեմբերին մշտական բնակչության թվաքանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի  համեմատ աճել է
Հասարակություն
17:36, 06 ноябрь 2023
2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ, ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը 2023թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 993 հազար 8 հարյուր  մարդ, այդ թվում քաղաքայինը՝ 1 մլն 908 հազար 4 հարյուր մարդ և գյուղականը՝ 1 մլն 85 հազար 4 հարյուր մարդ: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկագրից։

Նկատենք, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՀՀ-ում մշտական բնակչության թիվը աճել է. 2022 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը կազմում էր 2 մլն 970 հազար 6 հարյուր  մարդ։  Մայրաքաղաքում հոկտեմբերի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմում է 1 մլն  103 հազար 100 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  (1  մլն 96 հազար 4 հարյուր մարդ):  

2023թ. հունվար-սեպտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 148.5%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 129.5%-ի համեմատ: Հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 26  հազար 882 մարդ, մահացել՝ 18 հազար 107 մարդ։ 

2023թ. հունվար-սեպտեմբերին նորածինների սեռերի հարաբերակցության գործակիցը կազմել է 110.4 տղա՝ 100 աղջկա հաշվով, նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին արձանագրված 111.9-ի համեմատ:

Ընթացիկ  տարվա հունվար-սեպտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 3 դեպք, և մայրական մահացության գործակիցը կազմել է 11.2 միավոր (100 000 կենդանի ծնվածի հաշվով), 2022թ. հունվար-սեպտեմբերին ժամանակահատվածի համար արձանագրված` 22.6-ի (6 դեպք) համեմատ:

Հանրապետությունում 2023թ. հունվար-սեպտեմբերին գրանցված 1000 ամուսնությունների համեմատ գրանցվել է ամուսնալուծությունների 280 դեպք՝ 2022թ. հունվար-սեպտեմբերի 275 դեպքի համեմատ: