Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հունվար-մարտին. Ցուցանիշը տարեսկզբի և նախորդ երեք տարիների համեմատ աճել է

Որքա՞ն է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հունվար-մարտին. Ցուցանիշը տարեսկզբի և նախորդ երեք տարիների համեմատ աճել է
Հասարակություն
20:55, 05 май 2023
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը, ըստ ՀՀ մարզերի և ք.Երևանի (ՀՀ 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ), 2023 թ. ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 2 981.2 մարդ։  Ցուցանիշը 2023թ. տարեսկզբի (2 977.1 մարդ) և  նախորդ երեք տարիների  նույն ժամանակահատվածի համեմատ աճել է։  

Civic.am-ը Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից   տեղեկացավ, որ 2020-ին ՀՀ մշտական բնակչության թիվը ապրիլի 1-ի դրությամբ կազմում էր 2 956.9 մարդ, 2021-ին՝ 2 963.9 մարդ, 2022-ին՝ 2 961.6  մարդ։ 

2023թ. հունվար-մարտին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունը, կազմել է 129.5% 2022թ. նույն ժամանակաշրջանի 94.5 %-ի համեմատ: 2023 թ. հունվար-մարտին ծնվել է 8 756, մահացել՝ 6 763 մարդ, բնական հավելաճը կազմել է 1 993 մարդ, գրանցվել է ամուսնության 4 071, ամուսնալուծության՝ 1 068   դեպք։ 

Ըստ ԱՎԿ-ի տվյալների՝ նախորդ տարվա համեմատ այս տարի 14.9 տոկոսով  նվազել են մասնավորապես  նորագոյացությունների հետևանքով  արձանագրված մահվան դեպքերը։ Եթե նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել էր հիշյալ հիվանդության հետևանքով արձանագրված 1 278, ապա այս տարի՝ 1 240 դեպք։ Շեշտակի նվազել են նաև կորոնավիրուսի հետևանքով արձանագրված մահվան դեպքերը։ Հունվար-մարտին արձանագրվել է մահվան 32, իսկ նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 657 դեպք (այդ թվում՝ 18 դեպք, որ տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս, սակայն մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումներում): 

Վերջին երկու տարիների համեմատ նվազել են նաև մանկական մահացության դեպքերը։ Հաշվետու ժամանակաշրջանում մահացել է 0-1 տարեկան 55 երեխա (2021-ին՝ ընդհանուր 68, 2022-ին՝ 60), որոնցից աղջիկ՝ 26, տղա՝ 29։  0-4 տարեկան 64 երեխա է մահացել անցած երեք ամիսներին  (2021-ին՝ ընդհանուր 74 , 2022-ին՝ 67), որոնցից աղջիկ՝ 30, տղա՝ 34։