Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքա՞ն է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հունվարի 1-ի դրությամբ. ԱՎԿ-ն տվյալներ է հրապարակել

Որքա՞ն է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հունվարի 1-ի դրությամբ. ԱՎԿ-ն տվյալներ է հրապարակել
Հասարակություն
13:46, 06 февраль 2023
ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2 976.8 մարդ՝ նախորդ տարվա 2 961.4 մարդու դիմաց (ՀՀ 2011թ. մարդահամարի հիմքով վարվող բնակչության ընթացիկ հաշվառմամբ)։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից։ 

Քաղաքային բնակչությունը նախորդ տարվա՝ 1 892.2, ցուցանիշի համեմատ աճել է՝ կազմելով 1 897.9 մարդ։ Աճել է նաև գյուղական բնակչության թվաքանակը՝ 2022-ին արձանագրված 1 069.2 ցուցանիշի դիմաց 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմում է 1 078.9 մարդ։ 

Մայրաքաղաք Երևանում, ըստ ԱՎԿ-ի, հունվարի 1-ի դրությամբ բնակվում  է 1 098.7 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 1 092.8 էր։ 
 
2022թ. հունվար-դեկտեմբերին սեռերի հարաբերակցության գործակիցը կենդանի ծնվածների շրջանում կազմել է 111.9 տղա՝ 100 աղջկա հաշվով: 2022թ. հունվար-դեկտեմբերին բնակչության կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 135.6%, 2021թ. նույն ժամանակաշրջանի 105.7%-ի համեմատ: 2022 թ. հունվար-դեկտեմբերին ծնվել է 36 353, մահացել՝ 26 805 մարդ։ Բնական հավելաճը կազմել է 9 548 մարդ։ Արձանագրվել է 16 795 ամուսնության և 4 525 ամուսնալուծության դեպք։ 

2022թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, և մայրական մահացության գործակիցը կազմել է 22.0 միավոր 100 000 կենդանի ծնվածի հաշվով, 2021թ. հունվար-դեկտեմբերի 43.7 միավորի (16 դեպք, որից 9 դեպքը պայմանավորված է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ) համեմատ:

ԱՎԿ-ի տվյալներով՝ աճել են ամուսնալուծությունների դեպքերը. մասնավորապես 2022թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ-ում  գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 269 դեպք՝ 2021թ. հունվար-դեկտեմբերին արձանագրված 258-ի համեմատ: