Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նորագոյացություններից, կորոնավիրուսից արձանագրված մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են

Նորագոյացություններից, կորոնավիրուսից արձանագրված մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են
Հայաստան
11:50, 09 декабрь 2022
2022թ. հունվար-հոկտեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 132.5%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 113.0%-ի համեմատ: Այս մասին Civic․am-ը տեղեկացավ Ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տեղեկանքից, որում շտապ եղանակով ամփոփվել են 2022թ. հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշները։ 

Այդ տարվա հունվար-հոկտեմբերին, ըստ ԱՎԿ-ի նախնական տվյալների, ծնվել է 29 906 մարդ(2021-ին՝ 30 320, 2020-ին՝ 30 147 մարդ)։ 2022թ. բացարձակ ցուցանիշի փոփոխությունը 2021 թվականի նկատմամբ կազմել է 98.6 տոկոս, 2020-ի նկատմամբ՝ 99.2 տոկոս։ Այս տարի հունվար-հոկտեմբերին մահացել է 22 579 մարդ, ավելի քիչ, քան նախորդ տարի՝ 26 836 մարդ։ 2020-ին մահացածների թիվը կազմել է 25 902 մարդ։ Նախորդ տարվա համեմատ հաշվետու ժամանակաշրջանում նվազել է ամուսնությունների թիվը՝ կազմելով 14 036 դեպք․ 2021-ին գրանցվել է 14 474 դեպք, իսկ 2020-ին՝ 9 953։ Այս տարվա հունվար-հոկտեմբերին աճել է ամուսնալուծությունների թիվը՝ կազմելով 3 764 դեպք՝ նախորդ տարվա 3 692  եւ 2020 թվականի 2 678 դեպքերի դիմաց։ 

Մահացությունն ըստ մահվան հիմնական պատճառների, հունվար-հոկտեմբերին ունի հետեւյալ պատկերը․ ամենամեծ թվով մահացությունները (53,3տոկոս) արձանագրվել են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից՝ 12 029 դեպք։ Նախորդ տարվա համեմատ հիշյալ հիվանդության հետեւանքով մահացածների թիվը նվազել է․ 2021-ին արձանագրվել էր 13 189 դեպք։ 

Նորագոյացություններից արձանագրված մահվան դեպքերը նախորդ տարվա համեմատ նվազել են՝ կազմելով 4 294 դեպք (19.0 տոկոս)՝ 2021 թականին արձանագրված 4 469 դեպքի դիմաց։ Մահացածների 8,9 տոկոսի մահվան պատճառը եղել են շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների հիվանդություններից՝ մահացածների 4,2 տոկոսը, հիվանդացության եւ արտաքին պատճաներից՝ 4,7 տոկոսը, 3,5 տկոսը՝ կորոնավիրուսից։ Հարկ է նշել, որ նախորդ տարվա համեմատ շեշտակի նվազել են հիշյալ վիրուսից մահացության դեպքերը․ նախորդ տարի մահացության դեպքերի 13,8 տոկոսի դեպքում պատճառը եղել է կորոնավիրուսը, արձանագրվել է մահվան 3 699 դեպք, այս տարվա հունվար-հոկտեմբերին՝ 799 դեպք (3.5 տոկոսը)։ Այլ հիվանդություններից այս տարվա հաշվետու ժամանակաշրջանում մահացել է 1 317 մարդ, նախորդ տարի՝ 1 323 մարդ։

 Ելենա Ազատյան