Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քովիդ-19 վիրուսից 2021-ին ամենաշատ մահերը գրանցվել են նոյեմբեր ամսին. Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել

Քովիդ-19 վիրուսից 2021-ին ամենաշատ մահերը գրանցվել են նոյեմբեր ամսին. Ազգային վիճակագրական կոմիտեն տվյալներ է հրապարակել
Պաշտոնական
17:32, 10 январь 2022
ՀՀ վիճակագրական կոմիտեն այսօր  ՀՀ 2021 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների  սոցիալ-տնտեսական վիճակի մասին նախնական  տվյալներ է հրապարակել։  Ըստ այդմ՝  2021թ. hունվար-նոյեմբերին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 105.9%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում  արձանագրված 105.6 %-ի համեմատ։  

2021-ին ծնվածների բացարձակ թվաքանակը կազմել է  33 587 մարդ (2020-ին՝  33 346,  2019-ին՝ 32 968 մարդ )։ 2021թ. բացարձակ  ցուցանիշի փոփոխությունը 2020-ի նկատմամբ կազմել է 100,7 տոկոս, 2019-ի նկատմամբ՝ 101.9 տոկոս։ Մահացածների բացարձակ թվաքանակը  2021-ին կազմել է 31 713 մարդ։ 2020-ին այդ թիվը 31 580 էր, 2019-ին՝ 23 782։  Բնական հավելաճը 2021-ին կազմել է 1 874 տոկոս, 2020-ին բնական հավելաճի բացարձակ  թվաքանակը 1 766 էր, 2019-ին՝ 9 186։ 

COVID-19 վիրուսից մահվան դեպքերն,  ըստ ԱՎԾ-ի, 2021թ. (ըստ քաղաքացիական կացության մահվան վերաբերյալ ակտերի գրանցումների) հունվարին կազմել են 392, փետրվարին՝ 153, մարտին՝ 404, ապրիլին՝ 773 , մայիսին՝ 419, հունիսին՝ 100, հուլիսին՝ 90,  օգոստոսին՝ 203, սեպտեմբերին՝ 427,  հոկտեմբերին՝ 794,  նոյեմբերին՝ 1 324 մարդ։ Դեկտեմբեր ամսվա տվյալները  ԱՎԾ տեղեկանքում  ներառված չեն։  Ընդհանուր առմամբ նշված ժամանակահատվածում  կորոնավիրուսից մահացել է 5079  մարդ (այդ թվում՝ 70 դեպք, որ տեղի են ունեցել ՀՀ-ից դուրս, սակայն քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ-ում): 2020-ին  հիշյալ վիրուսի հետևանքով մահացածների թիվը 2 609 էր։