Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտական գործողությունների պլանավորմանը, կիրառմանը և վերահսկմանը չմասնակցող զինծառայողները ևս կկարողանան ատեստավորվել և ստանալ բարձր աշխատավարձ

Մարտական գործողությունների պլանավորմանը, կիրառմանը և վերահսկմանը չմասնակցող զինծառայողները ևս կկարողանան ատեստավորվել և ստանալ բարձր աշխատավարձ
Հասարակություն
15:10, 21 февраль 2024
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական պաշտոններ ու պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։

Ըստ այդմ՝ ավելի բարձր վարձատրություն կստանան այն զինծառայողները, որոնց ծառայության բնույթն ավելի բարձր ռիսկայնություն ունի։ 

Ներկայացվող նախագիծը, ըստ պաշտպանության նախարարության ներկայացուցչի, վերաբերում է այն զինվորականներին, որոնք անմիջականորեն ներգրավված չեն մարտական գործողությունների պլանավորմանը, կիրառմանը և վերահսկմանը։ 

Ներկայացված նախագծի համաձայն՝ այս զինծառայողները ատեստացիայի շրջանակներում չեն հանձնի շարային և ֆիզիկական պատրաստության քննություններ, նաև ռիսկի աստիճանն է ավելի ցածր, հետևաբար նրանց վարձատրության չափն ավելի ցածր կլինի, քան մարտական ծառայություն իրականացնողներինը։ Այս խմբում ներառվում են նաև այն զինծառայողները, որոնք ունեն ֆիզիկական խնդիրներ և նշանակվում են ոչ մարտական հաստիքների։ Նպատակն այն է, որ այս մարդիկ ևս ատեստացիան անցնելու դեպքում ավելի բարձր աշխատավարձ ստանան՝ իհարկե ոչ այնքան, որքան մարտական հերթապահություն իրականացնողները։

Այժմ շուրջ 1700 զինծառայող կա, որոնք լինելու են այս դասակարգման մեջ՝ ներգրավված են ոչ մարտական ծառայության մեջ։
Այսօրինակ ծառայություն իրականացնող զինծառայողները այսօր միջինում ստանում են 126 հազար դրամ, ատեստավորումից բավարար գնահատական ստանալու դեպքում կստանան 176.000 դրամ աշխատավարձ։ Լավ և գերազանց գնահատական ստանալու դեպքում աշխատավարձը ավելի բարձր կլինի։ Սա վերաբերում է ոչ մարտական հերթապահություն իրականացնողներին։